Հոկտեմբերի 14-ին Ժնևում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։
Միջոցառման բացման խոսքում Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Հասմիկ Տոլմաջյանը շեշտեց, որ 1991 թվականին Հայաստանի անկախության վերականգնումը դարձավ հայ ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնիշխան ու ժողովրդավարական պետություն կառուցելու դարավոր երազանքի իրականացումը։
Դեսպանը բարձր գնահատեց Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված ամուր բարեկամությունը՝ հիմնված պատմական կապերի, համընդհանուր արժեքների և փոխադարձ համերաշխության վրա։ Այս համատեքստում նա հիշատակեց 1895–1896 թվականներին Շվեյցարիայում, ի համերաշխություն հայ ժողովրդի սկիզբ առած բացառիկ շարժումը և շուրջ 500,000 քաղաքացիների կողմից ստորագրված խնդրագիրը, որով կոչ էր արվում Շվեյցարիայի կառավարությանը ջանքեր գործադրել հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող ջարդերը դադարեցնելու համար։
Դեսպանը նաև ընդգծեց Հայաստանի և Ժնևի միջև ձևավորված պատմական ու մշակութային կապերը՝ նշելով, որ Ժնևը ոչ միայն միջազգային դիվանագիտության կենտրոն է, այլև քաղաք, որի հետ Հայաստանը կիսում է երկարամյա բարեկամության պատմություն, ինչի վառ վկայությունն է Ժնևում գործունեություն ծավալած նշանավոր հումանիստներ Գուստավ Ադորի, Էդուարդ Նավիլի, Լեոպոլդ Ֆավրի և Անտոնի Կրաֆտ-Բոնարի աջակցությունը հայ ժողովրդին 19-րդ դարի վերջում և 20-րդ դարի սկզբին։
Դեսպանն անդրադարձավ նաև վերջին տարիներին Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած դժվարին փորձություններին, այդ թվում՝ Հայաստանում ապաստան գտած 120 հազար փախստականների խնդիրներին, ինչպես նաև մինչ օրս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցին։
Իր խոսքում դեսպանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում տևական և արդարացի խաղաղության հաստատման հարցում՝ կարևորելով օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունները։
Շարունակելով դեսպանը շեշտեց Հայաստանի հավատարմությունը բազմակողմ դիվանագիտությանը՝ ընդգծելով, որ մեր երկիրը մշտապես առաջատար դիրքերում է եղել միջազգային օրակարգի այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսիք են ցեղասպանությունների կանխարգելումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը, գենդերային հավասարության խթանումը, խտրականության դեմ պայքարը, կրթության իրավունքի պաշտպանությունը, թվային տեխնոլոգիաների հավասար հասանելիության ապահովումը, շրջակա միջավայրի պաշտպանությունը և այլն։ Նշվածի ամենաթարմ վկայությունն է 2026թ․-ին Հայաստանի կողմից համաշխարհային նշանակության միջոցառման՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալման մասին որոշումը։
Երեկոյին ելույթով հանդես եկավ նաև Ժնևի քաղաքապետ Ալֆոնսո Գոմեսը։ Նա շեշտեց հայ համայնքի և Ժնև քաղաքի միջև ձևավորված ամուր կապերը, որոնք հատկապես ամրապնդվել են 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունից հետո, երբ Ժնև քաղաքն ապաստան տվեց հազարավոր հայ փախստականների։ Նա հատուկ ընդգծեց նաև Ժնևի հայ համայնքի կարևոր դերակատարումը, որը դարձել է քաղաքի բազմամշակույթ հասարակության կարևոր, ստեղծագործ և աշխույժ բաղադրիչներից մեկը։
Անդրադառնալով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ քաղաքապետն իր համերաշխությունը հայտնեց 120 հազար տեղահանված հայ փախստականների հետ՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ձգտումները վերջապես կպսակվեն հաջողությամբ, և տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն՝ հիմնված արդարության և անցյալի հանդեպ հարգանքի վրա։
Ի թիվս այլ հյուրերի, Հայաստանի ազգային տոնի ընդունելությանը մասնակցեցին Մարդու իրավունքների խորհրդի նախագահը, Ժնև կանտոնի նախագահը, Շվեյցարիայի դաշնային, կանտոնալ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում սոպրանո Անի Թորոյանի կատարմամբ հնչեցին Հայաստանի և Շվեյցարիայի օրհներգերը, որին հաջորդեցին հայկական դասական ստեղծագործությունների կատարումներ։