Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում քաղաքապետ Էմանուել Գրեգուարի հրավերով Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանն ու դեսպանության անձնակազմը մասնակցել են Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա էին խորհրդարանականներ, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային, մշակութային և եկեղեցական կառույցների ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր և ֆրանսիացիներ։
Ընդունելությանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի քաղաքապետ Էմանուել Գրեգուարը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները:
Իր ելույթում դեսպան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի նորընտիր քաղաքապետին` Հայաստանի և հայ ժողովրդի հետ համերաշխության համար և Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ընդունելության կազմակերպման համար։
Դեսպանն ընդգծել է, որ պատմության ընթացքում Ֆրանսիան մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին և շնորհակալություն է հայտնել Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած մշտական աջակցության համար` կարևորելով Ֆրանսիայի դերակատարումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։
Դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ, հարգելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանը շարունակում է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր ջանքերը՝ ընտրելով խաղաղության ուղին։
Նա նաև հավելել է, որ Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունները միջազգային հարթակներում նպաստում են ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանը։
Քաղաքապետարանի սրահը լուսավորված էր Հայաստանի դրոշի գույներով։