Ապրիլի 24-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Չեննայում (Մադրաս) կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։
Դեսպան Վ. Աֆյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը յուրաքանչյուր տարի ոգեկոչում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ընդգծել է Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր ընդգրկվելու, ինչպես նաև 2025 թ. նույնանուն խորագրով Հայաստանի ներկայացրած տասնամյակի բանաձևի միաձայն ընդունման և 2026 թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ կոնսենսուսով Հայաստանի ներկայացրած բանաձևի ընդունման մասին: ՀՀ դեսպանը նաև ավելացրել է, որ վառ պահելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ակտիվ աշխատանքներ իրականացնել հարևան պետությունների հետ բարիդրացիական հարաբերությունների ուղղությամբ, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում հաստատված տևական խաղաղության ապահովման համար:
Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու տարածքում կայացած միջոցառմանը ներկա էր Չեննայում ՀՀ պատվավոր հյուպատոս Շիվկումար Էաշվարանը, իսկ օրվա կապակցությամբ ելույթով հանդես է եկել տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Աշխեն Խաչատրյանը, որից հետո տեղի է ունեցել ծաղկեպսակի տեղադրման և մոմավառության արարողություն:
Դեսպան Վ. Աֆյանն այցելել է նաև Չեննայում հայկական հետքեր պարունակող վայրեր, մասնավորապես՝ Սուրբ Թովմաս լեռան բազիլիկ եկեղեցի, որտեղ առկա են հայերեն գրառումներով գերեզմանաքարեր, եկեղեցական պատկերներ և հուշաքարեր՝ կարևոր համարելով դրանց պատշաճ պահպանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: