Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Էլեն-Ակվա» ՍՊ ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի (Արագածոտնի մարզ, գյուղ Բյուրական) արտադրական գործունեությունը:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
- արտադրական շինությունների հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
- առաստաղները, տանիքների ներքին մակերևույթները և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստել է խոնավության խտացմանը,
- սահմանված չեն եղել սննդամթերքի արտադրությունում միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
- լրացած է եղել սննդամթերքի համապատասխանության հավաստագրի (հայտարարագրի) ժամկետը։
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: