Ազգային ժողովի 9-րդ գումարման ժամանակ՝ ԱԺ նախագահի ընտրության հարցի շրջանակում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դիմելով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանին, հետաքրքրվեց՝ ինչ արդյունք կա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում, խնդրեց հաշվետվություն ներկայացնել վերջին 5 տարիների մասով, թե ինչ առաջընթաց է արձանագրվել այս ընթացքում:
Ռուբինյանի խոսքով՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը Հայաստանի պատմության մեջ չորրորդն է, սկիզբ է առել 2021 թվականի դեկտեմբերին, առաջին հանդիպումն էլ տեղի է ունեցել 2022-ի սկզբին:
«Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, կան պայմանավորվածություններ, որոնք սպասում են իրենց իրագործմանը: Իրագործված պայմանավորվածություններն են Երևան-Ստամբուլ չվերթների վերականգնումը, որոնք 2022-ի դրությամբ մի քանի տարի է, ինչ չէին գործում, էս վերջերս չվերթներն ավելացան:
Իրագործված պայմանավորվածություններից էր երկու երկրների միջև ուղիղ ավիաբեռնափոխադրումների հնարավոր դառնալը, մաքսային առումով ուղիղ առևտրի հնարավորության ստեղծումը, որովհետև մինչ այս, օրինակ՝ Հայաստանից Թուրքիա որևէ բան արտահանելու համար դա ձևակերպվում էր Վրաստանի տարածքով և հետո վերաձևակերպվում էր: Մոտ 1-2 ամիս առաջ դրա արգելքը թուրքական կողմից վերացվեց: Դրան զուգահեռ, ամենակարևոր իրագործված պայմանավորվածությունը Ախալքալակ-Կարս երկաթգծով Հայաստանի տնտեսվարողների համար օգտվելու հնարավորության ստեղծումն է, ինչը մեծագույն փոփոխություն է, քանի որ մեր տնտեսվարողները հնարավորություն են ունենում հասանելիություն ստանալ թե՛ Թուրքիայի շուկային, թե՛ Թուրքիայի տարածքով ԵՄ շուկային և նույնիսկ Սիրիայի շուկային, ինչը շատ կարևոր զարգացում է»,- ասաց Ռուբինյանը:
Նա հիշեցրեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնման վերաբերյալ, հաջորդ կարևոր պայմանավորվածությունն այն է, որ Հայաստանը և Թուրքիան պայմանավորվել են և ստեղծել աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել տեխնիկական պահանջները Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման ու վերագործարկման համար:
Ինչ վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելուն, ընդգծեց՝ հայկական կողմից վաղուց պատրաստ են ենթակառուցվածքները, թուրքական կողմն էլ վերջերս է ավարտել իր կողմից ենթակառուցվածքների վերականգնումը, և մենք սպասում ենք պայմանավորվածության իրագործմանը: