Ազգային ժողովի՝ օգոսոստի 2-ի նիստին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, անդրադառնալով ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանի առաջարկին, որ պետք է լինել բարեկիրթ, քանի որ ժողովուրդն ուղարկել է քաղաքական գործիչներին ԱԺ աշխատելու, ոչ թե կռիվ անելու, հակադարձեց: Ըստ Լևոն Քոչարյանի՝ ԱԺ-ում պետք է լիներ 4-րդ խմբակցություն, ընդդիմադիր քաղաքական գործիչները ենթարկվում են քաղաքական բռնաճնշումների, և այս համատեքստում պատգամավորը հետաքրքրվեց՝ որքանո՞վ է սա բարեկիրթ ու ժողովրդավար:
Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ Լևոն Քոչարյանի գնահատականների հետ համաձայն չէ, և որ կարծում է՝ իրավապահ, դատական մարմիներն աշխատում են համապատասխանաբար:
«Ըստ իս, օրինակ, քաղաքական ճնշումներ չկան, բայց ես գիտեմ՝ ինչ են քաղաքական ճնշումները, որովհետև 2008 թվականի մարտի 3-ին, երբ Ձեր հայրը նախագահ էր, պարոն Կարապետյանի հայրը ՀՀԿ խմբակցության ղեկավարն էր, եթե չեմ սխալվում, մարտի 3-ին մեր դուռը ծեծեցին ԱԱԾ աշխատակիցները, սկսեցին մեր տունը խուզարկել, հետո հորս հրավիրեցին ԱԱԾ, ինքը գնաց ու այլևս չեկավ, որովհետև նրան ձերբակալեցին, կալանավորեցին և մեղադրանք առաջադրեցին պետական իշխանության բռնազավթման մեղադրանքով:
Իհարկե, ինքը կատարելապես անմեղ էր, որովհետև այդպիսի փորձ ընդհանրապես տեղի չէր ունեցել, ինքն էլ առավել ևս այդ հանրահավաքների ղեկավար կազմում չէր եղել, և ինքը 3 ամիս կամ 2,5 ամիս քաղբանտարկյալ էր: Արդյունքում գործը փլվեց և կասեցվեց, նա ազատ արձակվեց: Ես գիտեմ՝ որն է բռնաճնշումը:
Իսկ բարեկրթությունը նույնպես գիտեմ՝ որն է: Բարեկրթություն է, որ այդքանից հետո (որ ասում եք՝ բա մեր կալանավորված ընկերները, նրանց երեխաները, հայրերը…) ես իմ 18-ամյակը դիմավորել եմ իմ հոր՝ կալանավորված վիճակով, և բարեկրթությունն այն է, որ իմանալով, որ, ամենայն հավանականությամբ, Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել, և այդ ժամանակ պարոն Կարապետյանի հայրն էլ իշխող խմբակցության ղեկավարն էր, ես, միևնույն է, կարծում եմ, որ պարտավոր եմ Ձեզ հետ շփվել պարզ, մարդկային բարեկրթության սահմաններում և իմ անհամաձայնությունը հայտնել նման ոճով»,- ասաց նա: