Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախագահի տեղակալի երեք թեկնածուներն են երեք պաշտոնների համար՝ Հայկ Կոնջորյանը, Վահագն Ալեքսանյանը և Արամ Վարդևանյանը:
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը:
Հայկ Արսենի Կոնջորյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 30-ին, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում:
2008 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, 2010 թվականին՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2013 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան:
2014-2018 թվականներին ծավալել է հրապարակախոսական գործունեություն՝ հեղինակելով մի շարք վերլուծական և հրապարակախոսական հաղորդաշարեր:
2011-2015 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամ։
2017-2018 թվականներին Հայկ Կոնջորյանը աշխատել է ՀՀ ԱԺ-ում՝ որպես «Ելք» խմբակցության փորձագետ։
Կոնջորյանն ընտրվել է ՀՀ ԱԺ 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր:
2018-ի մայիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ «Ելք» խմբակցության կազմում, 2018-ի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրվել է ԱԺ պատգամավոր ռեյտինգային ընտրակարգով թիվ 1 ընտրատարածքից՝ հանդիսանալով «Իմ քայլը» խմբակցության անդամ:
2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԱԺ պատգամավոր է ընտրվել ՔՊ կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
2021-ին ընտրվել է 8-րդ գումարման ԱԺ-ի կառավարող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար և պաշտոնավարել մինչև գումարման ավարտը: