ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց պատգամավոր Կնյազ Հասանովին նիստերը փայլուն վարելու համար, ապա շնորհակալություն հայտնեց գործընկերներին՝ իր թեկնածությունն առաջադրելու և իր օգտին քվեարկելու համար:
«Սա ինձ համար մեծագույն պատիվ է, և ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին, և ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար»,- ասաց ԱԺ նորընտիր նախագահը, ապա դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ ասաց՝ այն փաստը, որ նրանք չեն քվեարկել իր օգտին, ոչինչ չի նշանակում իրենց հարաբերություններում:
«Ես պատրաստվում եմ լինել ամբողջ Ազգային ժողովի նախագահը»,- հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը:
Հիշեցնենք՝ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց 63 կողմ և 28 դեմ ձայներով:
Նրա թեկնածությունն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ մասնակցելու են քվեարկությանը, բայց դեմ են քվեարկելու Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու փակ քվեարկությանը:
Կենսագրությունը՝ այստեղ:
Ռուբեն Ռուբինյանի ելույթը՝ այստեղ: