Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին» խորագրով տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի՛ քաղաքացիներ, համոզված եմ՝ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և տեսել եք Կառավարության ներկայացրած նորոգման աշխատանքների արդյունքները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի երեք մույթերում, և տեսել եք չնորոգված մույթերի՝ դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե այցելուների վրա կընկնեն:
Հույս ունեմ՝ հետևություններ արել եք այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ: Նրանց նպատակն այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փլուզվեր, առնվազն մասնակի քար ընկներ, որպեսզի իրենք իրենց 3 մանեթանոց լացուկոծը դնեին և շարունակեին: Բայց մենք կանխեցինք դա»,- ասաց նա:
Անդրադառնալով քննարկումներին, թե Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն առավոտյան փակ է եղել, Փաշինյանը տեղեկացրեց, որ պատճառն արարողակարգային միջոցառումն էր, որը տեղի էր ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների այցելության ժամանակ: