Շվեդիայի սփյուռքի անձնակատար և Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը կարծում է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում առկա փոխադարձ անհասկացվածության հիմնական պատճառներից մեկը Սփյուռքի կողմից Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության ոչ լիարժեք ընկալումն է։
Խոսելով մոտեցումների փոփոխության անհրաժեշտության մասին՝ նա նշել է. «Սփյուռքը դեռևս չունի հստակորեն գիտենալու Հայաստանը որպես պետականություն: Որպես մի երկիր, որ միջազգայնորեն ճանաչված է, ունի իր սահմանները, ունի իր պետական խնդիրները և հարցերը»։
Ըստ Հակոբյանի՝ Սփյուռքում դեռևս գերիշխում է համայնքային մտածելակերպը, մինչդեռ Հայաստանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է պետական մտածողություն. «Եթե Սփյուռքը կարողանա ձերբազատվել այդ համայնքային մտածելակերպից Հայաստանի նկատմամբ, ավելի ճիշտ ճանաչում կունենա Հայաստանի նկատմամբ»։
Անդրադառնալով Սփյուռքի ներքին կազմակերպվածությանը՝ գործիչն ընդգծել է, որ արտերկրի հայությունը միակազմ չէ, և ամենամեծ խնդիրը միասնական, համասփյուռքյան ներկայացուցչական մարմնի բացակայությունն է: «Սփյուռքը պիտի ունենա նոր մտածելակերպ՝ նոր, ժամանակակից իրականություններին համապատասխան: [...] Չկա համասփյուռքյան որպես հավաքականություն կապ, գոյություն չունի պարզապես նրա համար, որ դրա հիմքերը չեն ստեղծվել: Սա ամենամեծ բացն է, որ կա Հայաստան-Սփյուռք կապի մեջ»։
Որպես ստեղծված իրավիճակի լուծում՝ Կարո Հակոբյանն առաջարկում է վերանայել հին կառույցների գործելաոճն ու ստեղծել նորերը. «Սփյուռքը պիտի նոր, ժամանակակից կազմակերպչական մոդելներ ստեղծի: Եվ այդ նոր մոդելները կստեղծեն այն իսկական կապը Հայաստանի հետ»։