Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և թանգարան այցելուների հոսքը չի դադարել։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանի խոսքով՝ թանգարան այցելողների թիվն այս տարի աննախադեպ մեծ է եղել։
Խոսելով հուշահամալիրի խորհրդի մասին՝ նա նշել է. «Սա ուխտավայր է մեր ժողովրդի համար, և մեր թանգարանն ու ինստիտուտը կոչված են այդ ուխտավայրը, այդ հիշողությունը պահպանելու, այդ մեծ, բարձր առաքելությունն իրականացնելու»։
Թաշչյանն ընդգծել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ այցելուների հիմնական մասը տեղացիներ էին, այս տարի մեծ է եղել նաև օտարերկրացիների հոսքը. «Աննախադեպ շատ է այսօր թանգարան մտնող մարդկանց, այցելուների թիվը... Ունեինք ոչ միայն Հայաստանից այցելուներ, այլ նաև դիվանագիտական կորպուսից. Հայաստանում հավատարմագրված 5-6 դեսպաններ եկան մեզ մոտ»։
Տնօրենի պաշտոնակատարը հիշեցրել է նաև ապրիլի 23-ին բացված նոր ժամանակավոր ցուցադրության մասին, որը գործելու է մինչև օգոստոսի 24-ը՝ հորդորելով բոլորին այցելել և ծանոթանալ ներկայացված նյութերին։
Անդրադառնալով 111-րդ տարելիցի գլխավոր ուղերձին և ապագայի անելիքներին՝ Հրաչյա Թաշչյանը շեշտել է պետականության հզորացման կարևորությունը. «Մենք պետք է առաջ քայլենք, պետք է ունենանք ժամանակակից ուժեղ պետություն, որը կապրի իր տարածաշրջանում՝ իր հարևանների հետ խաղաղության և կայունության պայմաններում, որովհետև խաղաղությունն ու կայունությունը անհրաժեշտ պայմաններ են երկրի զարգացման համար. առանց դրա որևէ զարգացում չի կարող լինել»։