ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ներկայացված ուղերձում ասվում է.
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի ժամանակ աքսորված և դաժանորեն սպանված անթիվ հայերին: Մենք անսասան համերաշխություն ենք հայտնում Ամերիկայի և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերին այս հիշատակի օրը՝ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ իրադարձությունների համար, որոնք այսօր էլ շարունակում են ապրել այդ համայնքների հավաքական հիշողության մեջ:
Մարդկության պատմության այս մռայլ էջը հավերժ կմնա՝ որպես հայ ժողովրդի անկոտրում ոգու և քրիստոնեության կենտրոնում գտնվող հույսի վկայություն: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի ցուցաբերած խոր ուժին և վճռականությանը՝ հաղթահարելու անցյալի հսկայական ողբերգությունները և կերտելու ավելի մեծ ապագա՝ կայուն բարգավաճմամբ, անվտանգությամբ և խաղաղությամբ: Մենք պարտավորվում ենք նրանց կողքին լինել:
Միասին Միացյալ Նահանգները և Հայաստանը կշարունակեն իրենց աշխատանքն ավելի անվտանգ և բարգավաճ աշխարհ կառուցելու ուղղությամբ: Իմ վարչակազմը ամրապնդում է մեր ռազմավարական գործընկերությունը՝ հայ ժողովրդի համար նշանակալի հնարավորություններ ստեղծելով և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև կայունություն խթանելով: Եվ հիմա ամերիկացիներն ու հայերը կանգնած են կողք կողքի Խաղաղության պատմական խորհրդում՝ միավորված մեր նպատակի շուրջ՝ ուժի միջոցով սկսել խաղաղության նոր դարաշրջանը:
Հայոց հիշատակի այս օրը, երբ սգում ենք Մեծ Եղեռնի ժամանակ զոհված անմեղ հոգիների համար, մենք վերահաստատում ենք անմեղներին պաշտպանելու, բոլոր ազգերի մեջ խաղաղության գործն առաջ մղելու մեր սուրբ կոչումը և խոր ակնածանք զարգացնելու Ամենազոր Աստծո հանդեպ, ով զորավիգ է մեզ փորձություններում և հաղթանակներում»: