Թեհրանը բացառություն է արել Ռուսաստանի և մի շարք այլ երկրների համար՝ Հորմուզի նեղուցով անցման նպատակով տուրքերի գանձման մասով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Չգիտեմ՝ ինչ կլինի հետո։ Այժմ մեր արտաքին գործերի նախարարությունը փորձում է գործարկել Ռուսաստանի նման բարեկամ երկրների համար նախատեսված բացառությունները»,- ասել է դեսպանը՝ ի պատասխան տուրքերի մասին հարցին։
Մերձավոր Արևելքի հակամարտության բռնկումից հետո Իրանը փաստացի փակել է Հորմուզի նեղուցը, որով սովորաբար ամեն օր անցնում են մոտավորապես 15 միլիոն բարել հում նավթ և ևս 5 միլիոն բարել վերամշակված արտադրանք։ Սա հանգեցրել է ինչպես հում նավթի, այնպես էլ վերամշակված արտադրանքի գների կտրուկ աճի։
Մեկ ամիս առաջ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ թույլատրում է Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրաքի, Չինաստանի և Պակիստանի նավերին ազատորեն անցնել Հորմուզի նեղուցով։
Մարտի վերջին Թեհրանը նեղուցը վերահսկելու նոր մեխանիզմ է ներդրել՝ որոշ տարանցիկ նավերի համար սահմանելով մինչև 2 միլիոն դոլարի վճար։ Այս մասին հայտարարել էր Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալաեդդին Բորուջերդին՝ նշելով, որ այդ միջոցառումը արտացոլում է ջրերում «նոր ինքնիշխան ռեժիմի» ձևավորումը։
Բորուջերդին ասել է, որ վճարների սահմանումը պայմանավորված է պատերազմի ֆինանսական ծախսերով, մինչդեռ նեղուցը մնում է բաց միջազգային նավագնացության համար՝ բացառությամբ Իրանի հակառակորդների հետ կապված նավերի։
Նախօրեին էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նեղուցը գտնվում է ԱՄՆ ԶՈւ կատարյալ վերահսկողության ներքո: ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունն էլ հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Իրանի դոշի ներքո նավարկող մի քանի նավի թույլ չեն տվել նեղուցով դուրս գալ Իրանի տարածքից: