Կառավարությունը հաստատեց Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման միջոցառման շրջանակում ֆինանսավորում հատկացնելու վերաբերյալ հարցը։
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 2026 թվականի պետական բյուջեից վերաբաշխում կատարելուն և Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ իրականացվող Վեդու ջրամբարի կառուցման միջոցառմանը 650 մլն դրամ ֆինանսավորում հատկացնելու մասին, որից զգալի մասը՝ շուրջ 468 մլն դրամը, կվճարվի կապալառուին՝ որպես հետավարտական երաշխիքի բացթողում, իսկ 117 մլն դրամը՝ որպես խորհրդատուի ծառայությունների դիմաց վճարվող գումար։
«Շինարարությունն ավարտվել է։ 30 մլն խմ տարողությունից այս պահին ջրալցվել է 12.5 մլն խմ-ը։ Փորձարկել ենք ինչպես ջրալցման, այնպես էլ ջրաթափման համակարգերը, ներառյալ՝ վթարային ջրաթափման համակարգը։ Սա ընթացիկ կարգով նախատեսված վճարում է, և դրանից ավելի ոչինչ չկա»,- ասաց նախարարը։
Վարչապետն անդրադարձավ Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների ավարտին՝ այն գնահատելով որպես անկախ Հայաստանի պատմության մեջ իրականացված ամենախոշոր ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագծերից մեկը։
«Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտվել է, ինչի առիթով ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել, որովհետև այս մասշտաբի ինժեներական ջրային ենթակառուցվածքային նախագիծ մենք Երրորդ Հանրապետության պատմության մեջ իրականացնում ենք առաջին անգամ: Այս ջրամբարը կառուցվել է բոլորովին նոր տեխնոլոգիայով։ Այդպիսի ամբարտակ Հայաստանում պարզապես գոյություն չունի»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հետաքրքրվեց նաև, թե ինչ փուլում են ջրամբարի ջրալցման աշխատանքները։
«Հիմա ջրալցման աշխատանքները պլանային ընթանում են, և մյուս տարի կկարողանա՞նք արդեն ոռոգման ջուր բաց թողնել, թե՞ 2028 թվականին»,- հետաքրքրվեց Փաշինյանը։
Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց ջրամբարի լցման ընթացքն ու կանխատեսումները՝ նշելով, թե երբ այն կհասնի իր ամբողջական տարողությանը։
«Եթե 2027 թվականը լինի այնքան ջրառատ, որքան 2026 թվականն է եղել, ապա մենք ակնկալում ենք, որ 2027 թվականի ավարտին ջրամբարը կհասնի ամբողջական լցվածության՝ 30 մլն խմ ծավալի։ Հույս ունեմ՝ եկող տարվա ավարտին մենք առաջին անգամ վերջին տարիներին կունենանք կառուցված և ամբողջությամբ՝ 30 մլն խմ ջրով լցված ջրամբար»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։