Կյանքը չինական գյուղում․ ինչպես կարճ ժամանակում Յուանգուդույը դարձավ «Ազգային քաղաքակիրթ գյուղ», իսկ մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտն աճեց 8-10 անգամ
Քարե մահճակալը՝ բարակ ծածկոցով, պատերը՝ թերթերով պաստառապատված, վառարանն ու հին ջրամանը խորհրդանշում են Գանսու նահանգի Վեյյուան գավառի գյուղերի նախկին կենցաղը։ Ընդամենը 10 տարի առաջ կյանքն այսպիսին էր Չինաստանի այս շրջանում։
.jpg)
Յուանգուդույ (Yuangudui) գյուղ հայ մամուլի ներկայացուցիչների այցի ընթացքում գյուղի ղեկավարությունը պատմեց, թե ինչպես է վերափոխվել կյանքը 2013թ-ի փետրվարի 3-ից հետո՝ ավանդական փոքր Նավակատի տոնին Չինաստանի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար, երկրի նախագահ Սի Ցզինպինի այցից հետո։
.jpg)
Բավական է նշել, որ գյուղն արժանացել է «Ազգային քաղաքակիրթ գյուղ», իսկ այս տարվա հուլիսի 1-ին՝ «Ազգային առաջնային մակարդակի գերազանց կուսակցական կոմիտե» մրցանակների:
Ցզինպինն այցելել է հին կուսակցականներից մեկի տունը, որն այսօր պահպանվում է՝ որպես հին կենցաղի վկայություն։ Գյուղի ղեկավարը պատմում է․
«Հին կուսակցականի հետ Ցզինպինը մի ումպ խմեց բաքի ջրից: Այդ ժամանակ ծորակի ջուր չկար, ուստի նրանք ստիպված էին օգտվել բաքում հավաքված այս ջրից։ Եվ երբ նա համտեսեց, ասաց՝ ջուրը լավն է, շատ համեղ:
.jpg)
Թեև այս գյուղը հեռու է մայրաքաղաք Պեկինից, մեր կուսակցությունը միևնույն է՝ կարող է ուշադրություն դարձնել այս վայրին, փորձել անել առավելագույնը մարդկանց կենսամակարդակը բարելավելու համար և ջանալ, որպեսզի յուրաքանչյուր ոք, հատկապես անապահով վիճակում գտնվող մարդիկ, ապրեն ավելի լավ կյանքով»:
.jpg)
Թե ինչպես էին երեխաները նախկինում դույլերով ջուր բերում, մեծահասակները հոգում սննդի խնդիրները, ներկայացված են գյուղի պատմության թանգարանում։ Այստեղ ինֆոգրաֆիկաներում ցույց է տրվում նաև, թե ինչպես է աճել բնակչության թիվն ու կենսամակարդակը համայնքում։
.jpg)
Յուանգուդույ գյուղում 2013 թվականից հետո տեղի են ունեցել էական դրական փոփոխություններ՝ Չինաստանի «Աղքատության հաղթահարման» և «Գյուղական համայնքների վերերելքի» ազգային ծրագրերի շնորհիվ։
Արդյունքում 2012-2013 թվականներին գյուղում մեկ շնչին ընկնող տարեկան եկամուտը կազմում էր ընդամենը մոտ 1,400 – 1,800 յուան (գյուղացիների ավելի քան 80%-ն ապրում էր աղքատության շեմից ցածր): Այսօր այդ ցուցանիշը գերազանցում է 14,000 – 15,000 յուանը (աճել է ավելի քան 8-10 անգամ):
Բարելավվել են ջրամատակարարման ու բնակարանային պայմանները, որի արդյունքը բնակչության թվի ու ընտանիքների աճն է։
«Իսկ գիտե՞ք, թե ինչու է գրանցվել բնակչության աճ,-հարցնում է գյուղի պաշտոնյան ու պարզաբանում,-պատճառն այն է, որ երբ մարդիկ շատ աղքատ են, նրանք չեն կարողանում ընտանիք կազմել և չեն կարող մտածել երեխա մեծացնելու կամ նման բաների մասին: Իսկ երբ կենսամակարդակը բարելավվում է, նրանք ունենում են ավելի լավ կյանք, այդ թվում՝ ավելի լավ ամուսնություն և երեխաներ: Այդ պատճառով էլ ցուցանիշն աճում է, տնային տնտեսությունների թիվն ավելանում»:
.jpg)
Կենսամակարդակի բարելավմանը նպաստում են նաև վարելահողերի ակտիվ մշակությունը։ Գյուղն ունի 5500 մու վարելահող, 2.94 մու մեկ շնչին ընկնող վարելահող, 4800 մու անտառ և 3850 մու խոտհարք։ 2023 թվականի վերջի դրությամբ գյուղացիների մեկ շնչին ընկնող զուտ եկամուտը հասել է 21,500 յուանի, ինչը 14.7 անգամ ավելի է 2012 թվականի 1465 յուանից։Գյուղական տնտեսության ընդհանուր եկամուտը հասել է 125 միլիոն յուանի՝ հասնելով պատմական բեկման։
.jpg)
Ավելի քան տասը տարի շարունակ գյուղը ստացել է կենտրոնական և բոլոր մակարդակների ղեկավարների հատուկ հոգատարությունն ու առաջնորդությունը, ինչպես նաև գյուղատնտեսության և գյուղական հարցերի նախարարության, Ֆուչժոուի և Ցինդաոյի քաղաքների հզոր աջակցությունը։ 2019 թվականին գյուղն ամբողջությամբ հասել է աղքատության վերացմանը։ Գյուղում տեղադրված ֆոտովոլտային էլեկտրակայանը ճանաչվել է համաշխարհային բանկի օրինակելի նախագիծ։ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) այն գնահատել է որպես «Գլոբալ աղքատության վերացման լավագույն պրակտիկա»։
.jpg)
Հայ մամուլի ներկայացուցիչների հաջորդ կանգառը եղնիկների պուրակն էր՝ գուղի անտառապատ լանջերին ստեղծված անտառային տնտեսությունում։ Բծավոր եղջերուների ներկայությունը առանձնահատուկ գեղեցկություն է հաղորդում բնական միջավայրին՝ գրավելով զբոսաշրջիկների ուշադրությունը։
.jpg)
Ոչ պակաս տեսարժան են տարբեր դեղաբույսերի ու թեյի հումք հանդիսացող բույսերի անծայրածիր դաշտերը։
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան