Moody's վարկանիշային գործակալությունը 2026 թվականի հուլիսի 28-ին հրապարակել է ՀՀ սուվերեն վարկանիշի վերաբերյալ իր որոշումը, որով ՀՀ-ի սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է կայունից դրականի, իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 30-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ սա կարևոր լուր է:
Վարչապետը մանրամասնեց՝ Moody's-ի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով՝ աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ, ներքաղաքական կայունությամբ:
Միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարների մասով 2026-2027 թվականներին ակնկալվում է 5- 5,5 տոկոս տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ, պետական ծախսերի ընդլայնմամբ:
Փաշինյանն այս ամենից եզրահանգում արեց. «Հիշում եմ՝ 2018 թվականից ի վեր, իհարկե, բացի հասկանալիորեն 2020 թվականից, երբ մենք արձանագրում էինք ամեն տարվա տնտեսական աճերը, որոնք բավականին բարձր էին, հիմնական հարցը, որ վերլուծաբանները, երբեմն՝ քննադատները, բայց մենք էլ մեր քննարկումներում դնում էինք, հետևյալն էր՝ լա՛վ, այս տնտեսական աճերը և ակտիվությունը ինչքանով են մեծացնում և ուժեղացնում մեր տնտեսության պոտենցիալը, որովհետև դա է ամենակարևորը: Շատ կարևոր է, որ միջազգային հեղինակավոր վարկանշային ընկերությունն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է, և սա կարևոր արձանագրում է»,- ասաց նա:
Այս համատեքստում, խոսքն ուղղելով ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանին, հետաքրքրվեց՝ ի՞նչ է նշանակում երկրի վարկանիշի բարձրացում:
ԿԲ նախագահի տեղակալը պարզաբանեց. «Սուվերեն վարկանիշն առաջին հերթին Կառավարության վարկանիշն է, և ֆինանսական կազմակերպությունները, որ վարկավորում են Հայաստանի Կառավարությանը, ուշադրություն են դարձնում այդ վարկանիշին»:
Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ ինչքան ՀՀ վարկանիշը բարձր է, այնքան ՀՀ տոկոսադրույքները ցածր են՝ համեմատած միջազգային շուկայի տոկոսադրույքների հետ, իսկ «գլոբալ խարիսխը» ԱՄՆ տոկոսադրույքներն են:
«Եթե ամերիկյան կառավարությունը [վարկ] ներգրավում է շուկայից 4,5 տոկոսով, Հայաստանը ընդամենը մոտ 1,5-2 տոկոսով դրանից ավելի է ներգրավում. դա պատմականորեն փոքր թիվ է: Մենք կարողանում ենք այդքան էժան ներգրավել»,- ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ ՀՀ-ի առանձնահատուկ ռիսկը պատմական նվազագույն մակարդակների վրա է: