ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի կազմակերպման նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 23 միլիոն 937 հազար դրամ կհատկացվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։
2024 թվականին անցկացվել է «TOUR DE SEVAN 2024» հեծանվային միջոցառումը, որը մեծ հետաքրքրություն և դրական արձագանք է ստացել սիրողական հեծանվորդների շրջանում։ Հաշվի առնելով միջոցառման հաջող ընթացքն ու մասնակիցների բարձր գնահատականները՝ նախատեսվում է 2026 թվականի օգոստոսին կազմակերպել և անցկացնել «Սևանի շուրջը» երկօրյա սիրողական հեծանվային արշավը։
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին կարող են մասնակցել 18 տարին լրացած և բարձր տարիքի բոլոր ցանկացողները։ Միջոցառումը միտված է հանրության շրջանում հեծանվային սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը, առողջ ապրելակերպի խթանմանը և ակտիվ հանգստի մշակույթի ձևավորմանը։
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավի մասնակցության հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 6-ը:
Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝
-
մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն (մարզ, համայնք, բնակավայր), հեռախոսի համարը.
-
անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը.
-
բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը:
«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը կանցկացվի օգոստոսի 29-30-ը՝ սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ:
Սիրողական հեծանվային արշավի նպատակն է խթանել հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, նպաստել հեծանիվի կիրառմանը որպես էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցի, զարգացնել սպորտային տուրիզմը և Սևանա լիճը ներկայացնել որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման գրավիչ վայր։ Միջոցառումը նաև կնպաստի տարբեր սերունդների միջև առողջ մրցակցության և համագործակցության ձևավորմանը, ինչպես նաև հեծանիվ վարելու մշակույթի տարածմանը։