Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես են եկել համակարգված հայտարարություններով՝ ընդգծելով ազգային միասնությունը և հերքելով ներքին քաղաքական տարաձայնությունների մասին լուրերը՝ տարածաշրջանում շարունակվող լարվածության ֆոնին, գրում է Reuters Գործակալությունը:
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական մեդիա հարթակում գրառման մեջ նշել է, որ Իրանում «կոշտ գծի» և «չափավոր» ուժերի միջև տարբերություն չկա, բոլոր իրանցիներին նա անվանել է «հեղափոխական» և պետության ու ազգի միասնության կոչ է արել գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի ղեկավարությամբ։
«Ազգի և պետության երկաթե միասնությամբ և Գերագույն առաջնորդին հնազանդվելով՝ մենք կստիպենք ագրեսորին զղջալ», - գրել է նա։
Արտգործնախարար Աբբաս Արաղչին նույնպես աջակցել է ուղերձը՝ ասելով, որ իրանական ինստիտուտները գործում են «միասնական, նպատակային և կարգապահ», ռազմական ու դիվանագիտական ջանքերը ներկայացրել է որպես «լիովին համակարգված ճակատներ նույն պատերազմում»:
Խորհրդարանի խոսնակ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆն էլ խոստացել է, որ Իրանը հավաքական կպատասխանի, նրա խոսքով՝ արտաքին ագրեսիային և նորից շեշտել հավատարմությունը գերագույն առաջնորդին:
Այս հայտարարությունները, ըստ Reuters-ի, ընդգծում են Իրանի քաղաքական ղեկավարության միասնական դիրքորոշումը տարածաշրջանային լարվածության սրման ֆոնին, ներառյալ Իսրայելի հյուսիսային սահմանների երկայնքով ռազմական գործողությունները և Լիբանանում էսկալացիան զսպելու Միացյալ Նահանգների շարունակական դիվանագիտական ջանքերը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանի ղեկավարությունում խառնաշփոթ է, և դեռ կոնկրետ չգիտեն, թե ով է առաջնորդը: Նա նաև պնդել էր, թե Իսլամական Հանրապետությունում ներքին պայքար կա «կոշտ գծի և չափավորների միջև»: