Վոլոդիմիր Զելենսկին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ մեկնել է Սերբիա, նրան ընդունել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Ուկրաինայի և Սերբիայի ղեկավարների հանդիպման օրակարգում են եղել տնտեսության ընդլայնման, անվտանգության, ԵՄ-ի հետ հարաբերությունների և հնարավոր եվրաինտեգրման հետ կապված հարցեր:
«Կիևը միշտ պատրաստ է կառուցողական գործակցության՝ հիմնված փոխադարձ օգուտի և հարգանքի վրա»,- հայտարարել է Զելենսկին։
Ավելի ուշ՝ համատեղ մամուլի ասուլիսում, Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը ամեն ամիս Կիևին կտրամադրի Patriot համակարգի հրթիռներ, համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել: Սակայն, Զելենսկու խոսքով, դա միևնույն է՝ բավական չէ Ուկրաինայի երկինքն ամբողջությամբ պաշտպանելու համար:
«Նաև մեզ ԵՄ-ից լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ, որպեսզի զարկ տանք Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերությանը և կրկնապատկենք արտադրությունը»,- մանրամասնել է Զելենսկին՝ ընդգծելով հակառուսական պատժամիջոցներն ուժեղացնելու կարևորությունը:
Վուչիչն էլ մտահոգություն է հայտնել, որ պատերազմը դժվար թե մոտ ապագայում ավարտվի:
«Վախենամ՝ բոլորիս դժվար ձմեռ է սպասվում»,- ասել է Սերբիայի նախագահը, հավելել՝ այնուհանդերձ, Բելգրադը և ամբողջ միջազգային հանրությունը ցանկանում է, որ հակամարտությունը կարգավորվի: