Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը օգոստոսի 5-ից 7-ը մասնակցում են Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլոբալ երկրատարածական տեղեկատվության կառավարման փորձագետների կոմիտեի 16-րդ նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Կոմիտեն։
Նստաշրջանի օրակարգով նախատեսվում է քննարկել երկրատարածական տեղեկատվության կառավարման գլոբալ պայմանավորվածությունների ընդլայնման, երկրատարածական տեղեկատվության գլոբալ օրակարգում տարածաշրջանային կոմիտեների ներդրման, թեմատիկ ցանցերի ներդրման, ապագա երկրատարածական տեղեկատվական էկոհամակարգի, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի իրավասությանն ու գործառույթներին անմիջականորեն առնչվող այլ հարցեր։
Միջոցառման շրջանակում Կադաստրի կոմիտեի ղեկավարը հանդես է եկել օրակարգային կետերին առնչվող ելույթներով։ Մասնավորապես ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը:
Անդրադարձ է կատարվել կադաստրային քարտեզների, հողամասերի, անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ընդլայնմանը։
Երկրատարածական տեղեկատվության և կայուն զարգացման վերաբերյալ ելույթում ընդգծվել է ՀՀ-ում 2022 թվականից գործող ինտեգրված համակարգի՝ ազգային գեոպորտալի կարևորությունը, որը մեկ միասնական հարթակում համախմբում է կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի, ենթակառուցվածքների և այլ առանցքային ոլորտների վերաբերյալ տվյալները։
Հողերի արդյունավետ կառավարման համար ինտեգրված երկրատարածական տեղեկատվության վերաբերյալ ելույթում անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում իրականացված օրենսդրական բարեփոխումներին, որոնք որոշիչ դերակատարություն ունեն Հայաստանի կադաստրային համակարգի շարունակական արդիականացման գործում։
16-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացվել է նաև երկրատարածական տեղեկատվության կառավարման ոլորտին վերաբերող ՀՀ ազգային զեկույցը։