Հայոց ցեղասպանության վիճակագրության, թուրքական ժխտողականության և վերապրածների հուշերի մասին խոսելիս ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Ռոբերտ Թաթոյանը նախ հստակեցնում է Օսմանյան կայսրությունում ապրող հայերի իրական թիվը.
«Նախքան ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում ապրել է մոտ 2-2,5 միլիոն հայ, որից կեսը՝ բուն Արևմտյան Հայաստանի տարածքում՝ 6 նահանգներում: Մյուս կեսը բնակվում էր Փոքր Ասիայում, Կիլիկիայում և Կոստանդնուպոլսում»։
Անդրադառնալով զոհերի թվաքանակին՝ պատմաբանը շեշտում է, որ 1,5 միլիոնը պատմականորեն հիմնավորված փաստ է.
«Մինչև 1,5 միլիոն հայ զոհերի թիվը լիովին համապատասխանում է իրականությանը, եթե հաշվի առնենք ոչ միայն ուղիղ կոտորածների, այլև սովի, համաճարակների զոհերին, ինչպես նաև 1919-1922 թվականներին քեմալական Թուրքիայի իրականացրած հալածանքներն ու սպանությունները»։
Պատասխանելով թուրքական այն պնդումներին, թե կայսրությունում շատ ավելի քիչ հայ է ապրել, Թաթոյանը բացատրել է.
«Թուրքիան պնդում է, թե իբր կայսրությունում ապրել է մոտ 1 միլիոն 350 հազար հայ։ Սակայն Օսմանյան պետությունը միտումնավոր թերհաշվառել է հայերին, որպեսզի ցույց տա, թե հայերը չնչին փոքրամասնություն են, և հայկական բարենորոգումների հարց չբարձրանա։ Բացի այդ, շատ հայեր իրենք էին խուսափում մարդահամարներից՝ զինվորական տուրքից ազատվելու նպատակով»։
Խոսելով վերապրածների հուշագրությունների մասին, որոնք ակտիվորեն հրատարակվում են թանգարանի կողմից, գիտաշխատողն առանձնացնում է վերջերս լույս տեսած՝ Տիգրան Մակարյանի գիրքը.
«Այդ հուշը եզակի է նրանով, որ հեղինակը վերապրել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունն ու Դեր Զորի աքսորը, այլև հետագայում՝ ստալինյան ԳՈՒԼԱԳ-ը։ Նա անցել է տաժանակիր այդ ճանապարհով և, արդարացվելուց հետո, վերադարձել ու նորից կյանք է կառուցել Խորհրդային Հայաստանում»։
Ամփոփելով զրույցը և պատասխանելով հարցին, թե որն է այսօրվա մեր անելիքը, Ռոբերտ Թաթոյանը նշել է վերապրողների տված ամենակարևոր դասը.
«Շատ վերապրողներ, գաղթելով և հաստատվելով նոր վայրերում, անմիջապես մեծ ընտանիքներ էին ստեղծում՝ ի հեճուկս կորուստների, որպեսզի վերականգնեն շարունակականությունը։ Մեր այսօրվա անելիքն էլ հենց դա է՝ ապրել, զարգանալ մեր հայրենիքում և մեր տունը շենացնել»։