Կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում շահառուների կողմից իրականացված աշնանացան ցորենի ցանքերի համար փոխհատուցման տրամադրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։
Արդյունքում կադաստրային ծածկագիր չունեցող հողամասերի վրա ցանք իրականացրած ծրագրի շահառուները փոխհատուցում ստանալու հնարավորություն կունենան, կպաշտպանվի նրանց իրավունքները և կավելանան ծրագրի շրջանակներում իրականացված աշնանացան ցորենի ցանքատարածությունները։
Համաձայն ՀՀ մարզպետարանների կողմից ներկայացված տեղեկատվության՝ ՀՀ մարզերի որոշ բնակավայրերում առկա են հողամասեր, որոնք տասնյակ տարիներ առաջ տրամադրվել են հողօգտագործողներին, սակայն դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացված չէ, քարտեզագրված չեն կամ քարտեզագրված են սխալներով և հողամասերը չունեն կադաստրային ծածկագրեր։
Վերջինովս պայմանավորված հնարավոր չէ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքում հողամասի կադաստրային ծածկագիրը նշել։
Առաջարկվող փոփոխության արդյունքում բնակավայրի կամ համայնքի ղեկավարի կողմից տրվող տեղեկանքում կադաստրային քարտեզագրման բացակայության դեպքում հնարավոր կլինի նշել վերջինիս գտնվելու վայրի նկարագրի վերաբերյալ տեղեկատվություն, որը հնարավորություն կտա շահառուներին ծրագրի շրջանակներում ստանալ փոխհատուցում։