Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է 3 կարևոր թեմաների՝ գյուղատնտեսական լիզինգի ծրագրում արված փոփոխություններին, կարկուտի հետևանքներին, կոնյակի սպիրտի արտահանման հետ կապված խնդիրներին:
«Մենք ունենք բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, խոշոր տնտեսություններ, որոնք չէին կարողանում օգտվել ծրագրից, քանի որ ծրագիրն ուներ սահմանաչափ։ 250 մլն դրամից ավելի գյուղտեխնիկա գնելուց հետո արդեն տոկոսները չէին փոխհատուցվում։ Այդ շեմը բարձրացրել ենք մինչև 500 մլն»,- ասել է նախարարը՝ անդրադառնալով լիզինգի հետ կապված փոփոխություններին:
Վերջերս հաճախացած կարկտահարություններից խուսափելու վերաբերյալ Պապոյանը նշել է.
«Կարկուտներ եղել են Արարատում, Արմավիրի, Արագածոտնի և այլ մարզերում։ Նախորդիվ եղել եմ Արարատի մարզում, շաբաթ օրը կլինեմ նաև Արագածոտնի մարզում։ Ներկայումս աշխատանքային խմբերը մարզպետարանների, համայնքների, նախարարության հետ ակտիվ աշխատանքի մեջ են վնասների գույքագրման համար, որից հետո արդեն համապատասխան որոշումներ կընդունենք, կհասկանանք՝ ինչպես կարող ենք աջակցել մեր քաղաքացիներին, որպեսզի մեր գյուղատնտեսության կայուն զարգացման տեմպը չվնասենք։ Եվս մեկ լուծում ենք առաջարկում, այսուհետ հանրապետության բոլոր համայնքներում հակակարկտային ցանցի դեպքում պետությունը սուբսիդավորելու է 50 տոկոսը»:
Անդրադառնալով Վրաստանի սահմանին ստեղծված իրավիճակին՝ էկոնոմիկայի նախարարը նշել է.
«Ցավոք սրտի, խնդիրը դեռևս ամբողջական լուծված չէ․ փորձում ենք բոլոր մակարդակներում խնդիրը լուծել։ Առաջիկա օրերին ես կայցելեմ Վրաստանի Հանրապետություն՝ մեկ անգամ ևս հարցերը տեղում հասկանալու և լուծումներ գտնելու համար»։