Դեկտեմբերի 4-ին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իտալիայի ԱԳ նախարարության արտաքին գործերի և միջազգային համագործակցության պետքարտուղար Ջորջիո Սիլլիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման շուրջ:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ «TRIPP ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հետագա ամրապնդման և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար:
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերին: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրարկման ուղիների շուրջ: