Այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերության գլխամասային գրասենյակում Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ընդունեց Ընկերության կարիքների համար ՀՀ ամբողջ տարածքում նոր սպառողների տեխնոլոգիական միացման էլեկտրամատակարարման աշխատանքների կատարումն իրականացնող կապալառու կազմակերպություններին, ինչպես նաև շինարարության ոլորտում տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության ներկայացուցիչներին, հայտնում են ՀԷՑ հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտից։
«Արձանագրենք, որ «ՀԷՑ» ՓԲԸ բնականոն գործունեության ապահովման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կապալառու ընկերությունները ՀՀ ողջ տարածքում կիրականացնեն պատվիրակված շինամոնտաժային աշխատանքներն ընդհանուր 7 լոտով և 28 բրիգադներով՝ նպատակ ունենալով առավել վերահսկելի և սահմանված ժամկետներում կատարել նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացները:
Աշխատանքներն իրականացվելու են ստորև նշված լոտերին համապատասխան.
Լոտ 1- Տավուշի մարզ («Աղստև» մասնաճյուղ), Շիրակի մարզ («Ղարս» մասնաճյուղ), Լոռու մարզ («Դեբեդ» մասնաճյուղ), Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր («Գեղամա» մասնաճյուղ) (բացի «Չարենցավան», «Հրազդան» էլ.ցանցերից)
Լոտ 2- Կոտայքի մարզ («Նաիրի» էլ.ցանց), («Չարենցավան») էլ.ցանց
Լոտ 3- Կոտայքի մարզ՝ «Աբովյան» շահագործման շրջան, «Հրազդան» էլ.ցանց
Լոտ 4- Արարատի և Վայոց Ձորի մարզեր («Արաքս» մասնաճյուղ), Սյունիքի մարզ («Տաթև» մասնաճյուղ)
Լոտ 5- Արմավիրի և Արագածոտնի մարզեր («Մուսալեռ մասնաճյուղ»)
Լոտ 6- Երևան քաղաքի՝ «Նորք», «Արաբկիր», «Կենտրոն» շահագործման շրջաններ
Լոտ 7- Երևան քաղաքի՝ «Մաշտոց», «Էրեբունի», «Շենգավիթ» շահագործման շրջաններ:
Քննարկման սկզբում, տեղի ունեցավ իրականացվելիք աշխատանքներից բխող պարտավորությունների բաշխում, քննարկվեց աշխատանքների փուլային հաջորդականությունը, տեխնիկական հսկողության մեխանիզմներն ու ընթացակարգերը, որոնք ուղղված են նոր միացումների թափանցիկ և արդյունավետ իրականացմանը։
Հանդիպման ընթացքում Ընկերության ժամանակավոր կառավարիչը հավաստիացրեց, որ Ընկերությունն իր հերթին՝ համապատասխան ստորաբաժանումների փոխգործակցությամբ, պատրաստակամ է աջակցելու, որպեսզի համատեղ ջանքերով սահմանված ժամկետներում և ընթացակարգերով իրականացվեն նոր սպառողների սպառման համակարգը բաշխման ցանցին միացնելու գործընթացները»,-նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։