Երևանի քաղաքապետարանի և «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի միջև ստորագրվել է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման՝ «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի իրականացման պայմանագիրը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինի 1000 տեղանոց համերգասրահ, ժամանակակից արվեստի թանգարան՝ հագեցած նոր ցուցասրահներով։ Կձևավորվի մշակութային և ժամանցային նոր հանգույց՝ մոտավորապես 30 հազար քմ-ից ավելի տարածքով։
Ողջույնի իր խոսքում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է.
«Սիրելի՛ երևանցիներ,
մոտ մեկ տարի առաջ մենք մեկնարկեցինք «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի վերակառուցման գործընթացը։ Այդ ժամանակ շատերն անկեղծորեն կասկածում էին, որ Կասկադի գործընթացը երբևէ հնարավոր կլինի հասցնել վերջնակետին։
Այսօր մենք իրականացնում ենք մի ծրագիր, որը տասնամյակներով փակուղու մեջ էր։ Կասկադի գործընթացի մեկնարկը փաստում է, որ պետությունը, համայնքը և մասնավոր հատվածը կարող են գործել որպես մեկ ամբողջություն՝ երկարաժամկետ արդյունքի համար։ Գրեթե մեկ տարի անց մենք առաջին անգամ կանգնած ենք մի կետի առաջ, որտեղ կարող ենք պաշտոնապես հայտարարել՝ Կասկադի մշակութային հանգույցի նախագծի իրականացման գործընթացը մեկնարկում է։
Շնորհակալություն եմ հայտնում Կառավարության մեր գործընկերներին, ԿԳՄՍ նախարարությանը, GTB Holdings-ի գործընկերներին, ճարտարապետական համայնքին՝ բոլոր քննարկումների, մասնագիտական դիտարկումների համար։ Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում Ջիմ Թորոսյանի և Սարգիս Գուրզադյանի ընտանիքներին՝ աջակցության համար, իսկ պարոն Ասլան Մխիթարյանին՝ խորհրդատվության և կառուցողական ներգրավվածության համար։ Շնորհակալություն պարոն Վիլմոտին։
Պարոն Վիլմոտը ոչ միայն միջազգային մակարդակի ճարտարապետ է, այլև մասնագետ, որը մեծ հարգանքով է մոտենում քաղաքի պատմությանը, Ջիմ Թորոսյանի ստեղծած սկզբնական գաղափարին և Երևանի յուրահատուկ կերպարին։ Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնց աշխատանքի շնորհիվ այսօր այստեղ ենք:
Եվ շատ կարևոր է ասել՝ ինչ է տալու այս նախագիծը երևանցիներին. այն բերելու է քաղաքային կյանքին նոր բովանդակություն՝ մշակութային միջոցառումներով, հանրային բաց տարածքներով, ստեղծվելու է բարելավված միջավայր»: