«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Տրդատ Սարգսյանի թեկնածությունը: Նրան խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Ծնվել է 1989 թվականին Երևանում: 2011 թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը (բակալավրիատ), 2013 թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան, 2016 թ.՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ):
2007-2009-ին ծառայել է ՀՀ զինված ուժերում, պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով:
2015-ին անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: 2016-2018 թթ. եղել է «Համալսարանականներ» համատիրության կառավարիչ: 2018-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, 2018-2019-ին եղել է Վայոց ձորի մարզպետ: 2020-2022-ին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար:
2021-2026-ին եղել է ԱԺ պատգամավոր («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակ), եղել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2026-ին պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Իր ելույթի ժամանակ Տրդատ Սարգսյանը կարծիք հայտնեց, թե 9-րդ գումարման ԱԺ-ի համար հանձնաժողովի առջև դրված խնդիրը պետք է ավելի լայն լինի, և որ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրումը չի կարող սահմանափակվել միայն Եվրասիական տնտեսական միության շրջանակներով:
«Հայաստանի տնտեսական հնարավորությունները մեծապես կապված են տարածաշրջանային կապերի զարգացման հետ: Այստեղ ես առանձնահատուկ կարևորություն եմ տալիս մեր խաղաղության օրակարգին: Խաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէ, խաղաղությունը նաև տնտեսական կապերի, հաղորդակցությունների, առևտրի, ներդրումների և մարդկանց միջև կապերի զարգացման հնարավորությունն է:
Եթե խաղաղության գործընթացը շարունակվի և ամրապնդվի, ապա տարածաշրջանի երկրների, տնտեսական և քաղաքական հարաբերությունների միջև նոր հնարավորություններ են ձևավորվելու, և այս նոր իրականությունը պահանջելու է նաև խորհրդարանական ակտիվ դիվանագիտություն»,- ասաց նա: