Alluria Wines-ում տեղի է ունեցել գիտելիքի փոխանակման միջոցառում՝ Իտալիա–Հայաստան գինեգործության և խաղողագործության ոլորտներում իրականացվող փոխանակումների շրջանակում։ Միջոցառումը նախատեսված էր գինու արտահանմամբ զբաղվող այն փոքր և միջին ձեռնարկությունների համար, որոնք ներգրավված են նաև Իտալիայի հետ համագործակցության և փոխանակման ծրագրերում։
Միջոցառման հիմնական բանախոսը միջազգային ճանաչում ունեցող փորձագետ Կարմելո Սգանդուրրան էր՝ Zosimo Critic and Wine Ratings հարթակի հիմնադիրը, որը սպասարկում է աշխարհի հազարավոր գինու դիստրիբյուտորների և գնորդների։ Հյուր բանախոսը նախ ներկայացրել է վերջին տարիներին գլոբալ գինու շուկայում տեղի ունեցող նշանակալի փոփոխությունները՝ առանձնացնելով ի հայտ եկող հիմնական միտումները։ Այնուհետև նա ներկայացրեց Zosimo-ի համաշխարհային ցանցից ստացված արժեքավոր դիտարկումները և մանրամասն անդրադարձավ արդյունավետ արտահանման ռազմավարությունների մշակման հիմնական գործոններին։ Դրան հաջորդել է քննարկում՝ արտահանման պատրաստվածության, ինչպես նաև հայկական գինիների համար հստակ և տարբերակիչ ինքնություն ձևավորելու և շուկայում դիրքավորման վերաբերյալ։

Միջոցառումը վարում էր Հրաչ Գասպարը, որը ներկայացրել է նաև 2006 թվականից ի վեր գինեգործության ոլորտում իրականացվող փոխանակումների նշանակալի արդյունքները՝ գիտական, կրթական և տեխնիկական ուղղություններով։ Միջոցառման շրջանակում ներկայացվել է Պրոսեկոյի խորհրդանշական տարածաշրջանում գտնվող Կոնելիանոյի Cerletti գինեգործության ինստիտուտի պատգամը, որտեղ նշվում էր երիտասարդ հայ մասնագետների համար կրթական փոխանակումներ իրագործելու պատրաստակամության մասին։ Ներկաներին ողջույնի ուղերձ էր փոխանցել նաև Տրևիզոյի նահանգի հետ համագործակցության հիմնական գործընկերներից՝ Confraternita del Raboso Piave-ն։
Ուղերձում անդրադարձ էր կատարվել նախկինում հայ գինեգործների հետ կատարված մասնագիտական փոխանակումներին, ինչպես նաև Տրևիզոյում վերջերս անցկացված միջոցառումներին, որոնք նվիրված էին հայկական գինեգործությանը և կազմակերպվել էին Cerletti ինստիտուտի 150-ամյակի տոնակատարությունների շրջանակում։ Առաքելության շրջանակում Zosimo-ի ներկայացուցիչը այցելել է հայկական գինեգործական ընկերություններ և հանդիպում ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենի հետ՝ ոլորտի հետագա ուղղությունները քննարկելու նպատակով։
