ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
ԿԳՄՍ նախարարը շրջել է թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին:

Թանգարանի հուշարձանային՝ առաջին մասնաշենքում, որտեղ գտնվել է Թումանյանների բնակարանը, նախատեսված են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքում, որը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների պատշաճ որակի և սահմանված ժամկետների ապահովումը, ինչպես նաև թանգարանի տարածքում կանաչ գոտիների ստեղծումը։
Հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2028 թվականին։ Մինչ այդ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը շարունակում է գործել «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում։
