Տեղի է ունեցել COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
«Նիստի ընթացքում գործընկերների հետ քննարկեցինք Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը՝ անդրադառնալով աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Առանձին անդրադարձանք «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, տարածքի նախապատրաստման և ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին։
Քննարկեցինք նաև առողջապահական և համաճարակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման, բուժկետերի տեղակայման և անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված հարցերը։
COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով․ բոլոր ուղղություններով հետևողականորեն առաջ ենք տանում կազմակերպչական և ենթակառուցվածքային աշխատանքները՝ համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար»,- գրել է նախարարը։