ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը դեկտեմբերի 4-5-ը գտնվել են Մոլդովայի Հանրապետությունում՝ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները և փորձի փոխանակման հնարավորությունները քննարկելու նպատակով, հայտնում են նախարարությունից։
Այցի շրջանակում նրանք հանդիպել են Մոլդովայի գյուղատնտեսության նախարար Լյուդմիլա Կաթլաբուգայի հետ։ Քննարկվել են գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում Հայաստանի և Մոլդովայի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանն ու կիրառվող պետական աջակցության գործիքակազմին, առկա մարտահրավերներին ու դրանց լուծման ուղիներին առնչվող մի շարք հարցեր։
Արման Խոջոյանը և Զարուհի Մուրադյանը հանդիպել են նաև Մոլդովայի խաղողագործության և գինեգործության ազգային գրասենյակի (ONVV) ղեկավար կազմի հետ։ Մտքեր են փոխանակվել խաղողի տնկարկների ռեեստրի վարման, իզոտոպային բանկի ստեղծման և շահագործման մեխանիզմների, մթերումների կազմակերպման և կառավարման համակարգերի, աշխարհագրական նշումների համակարգի և գինու որակի գնահատման և վերահսկման լավագույն փորձի վերաբերյալ։
Հայկական կողմին ներկայացվել է նաև գործակալության կառավարման մոդելն ու հայկական բրենդիի (կոնյակի) ռեբրենդինգի գործընթացը։