Հոկտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մեղադրանքով ևս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: «Լուրերին» տեղեկացրել են Քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով՝ մեղադրանք է ներկայացվել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, Գյումրու փոխքաղաքապետ, այժմ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանին, համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի պարտականությունները կատարող Արտյոմ Մկրտչյանին, Վարդան Ղուկասյանի օգնական Կարապետ Ղուկասյանին:
Այս մեղադրանքով այժմ ձերբակալված են Արտյոմ Մկրտչյանն ու Կարապետ Ղուկասյանը: Մյուս մեղադրյալ Ավետիս Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ Վարդան Ղուկասյանի որդին այլ մեղադրանքով այժմ կալանավորված է:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին, երբ իրավապահները փորձել էին ձերբակալել Վարդան Ղուկասյանին՝ նրա և այլ անձանց կոչով քաղաքապետարանի մոտ էին հավաքվել մի խումբ քաղաքացիներ, փորձել թույլ չտալ Ղուկասյանի ձերբակալումը, որի ընթացքում բախում էր տեղի ունեցել իրավապահների և հավաքվածների միջև: