ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ չի կարծում, թե Ադրբեջանի հետ բանակցությունները դադարեցնելով՝ գերիները կվերադարձվեն։
«Այսինքն՝ որ կանգնեցնենք, մեր գերիներին հե՞տ են տալու, թե՞ վախենալու են... Եթե պարոն Օսկանյանը (Վարդան Օսկանյան՝ ՀՀ նախկին արտգործնախարար - խմբ.) նման բան է ասել, ես դա գնահատում եմ որպես սադրանք, գնահատում եմ դա որպես էսկալացիան բարձրացնելու հնարավորություն»,- հայտարարեց նա՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի հայտարարությանը, թե պետք է կանգնեցնել բանակցությունները խաղաղության փաստաթղթի շուրջ, քանի դեռ գերիները չեն վերադարձվել:
«Գերիների մասին այդքան խոսում ենք, այսքան աղմուկ է բարձրանում, դուք մոռանո՞ւմ եք, որ 150-ից ավելի հաստատված գերի է եղել, և մենք այդ մարդկանց բանակցությունների և տարբեր դրվագների, տարբեր միջնորդների հնարավորությամբ հետ ենք բերել։
Չորս տարվա ընթացքում 150-ից ավելի գերի հետ ենք բերել, հիմա մնացել է հաստատված 23 հոգի, որոնցից 11-12-ը Ղարաբաղի նախկին ղեկավարներն են»,- ասաց նա։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե իշխանություններին մեղադրում են տեսանելի քայլեր չանելու համար, Սիմոնյանը պատասխանեց՝ եթե գերիների վերադարձի հարցով տեսանելի քայլեր անեն, գերիները կարող է երբևիցե չվերադառնան:
«Որ մեղադրում են, այդ 152 հոգին, եթե չեմ սխալվում, ո՞նց դառավ 23: Այդ 23-ն էլ որ ասում ենք, այդ 11, 12, 13-ը, նաև հաշվի առնելով այն մարդկանց, որ Ղարաբաղը լքելուց անցման կետում բռնեցին, նաև 44-օրյա պատերազմից հետո այնտեղ մնացել էր մոտ 10-11 հոգի 152 հաստատված գերուց: Բա սա մեր ընդդիմախոսները ինչո՞ւ հրապարակային, որպես դրական բան չեն ասում:
Ասեմ ավելին, հիմա որևիցե հանդիպում, քննարկում, որևիցե միջազգային խոսակցություն չկա, որ մեր ներկայացուցիչները, այդ թվում նաև ես, գերիների հարցը չենք բարձրացնում և այդ հարցով չենք զբաղվում: Նույնիսկ իմ և իմ գործընկերոջ՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը եղել է սեղանին, և այդ հարցը եղել է առաջնային:
Ասեմ ավելին՝ այսօր գերիներից մեկի հարազատներից մեկի հետ նաև հանդիպում ունեմ, որը, կարելի է ասել, արդեն պարբերական բնույթ է կրում:
Խնդրում եմ ձեզ, եթե դուք ուզում եք, որ գերիները վերադառնան, վստահ եմ, որ դուք բոլորդ ուզում եք, եկեք այդ թեմային շատ ձեռք չտալ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ այդ գործընթացը շարունակվում է և մեզ համար առաջնային է»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե իշխանությունը այս փուլում շահագրգիռ չէ վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներին, Սիմոնյանն ընդգծեց.
«Մենք շահագրգիռ ենք: Նրանք մեր հայրենակիցներն են, ու իրենց վերադարձի հետ կապված բոլոր քայլերը արվել են ու արվելու են։
Ուղղակի հիմա այդ դատավարության աղմուկը բարձր է, և բոլորը շուտափույթ լուծումներ են ուզում, որն այս փուլում, հաշվի առնելով, թե ովքեր են դատավարությունն իրականացնում և ինչ հեռահար նպատակներ ունեն, ես կարծում եմ, որ այս փուլում շատ դժվար է լինելու։ Բայց դա չի նշանակում, որ փորձերն ու աշխատանքներն այդ ուղղությամբ չեն շարունակվելու»։