ԱՄՆ ղեկավարը դրական է գնահատել Մոսկվայում իր բանագնացների հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Դոնալդ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները տպավորություն են ստացել, որ Պուտինը ցանկանում է ավարտել Ուկրաինայի հետ պատերազմը: Թրամփի կարծիքով՝ ՌԴ նախագահը կցանկանար վերադառնալ բնականոն կյանքի և առևտուր անել Միացյալ նահանգների հետ՝ հազարավոր կյանքեր կորցնելու փոխարեն: Այդուհանդերձ, Թրամփը թերահավատություն է հայտնել, որ այդ հանդիպումն արդյունքներ կտա:
«Չեմ կարող ասել՝ ինչի կհանգեցնի այդ հանդիպումը, որովհետև տանգոյի համար երկուսն են հարկավոր», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Ուիթքոֆը և Քուշները Մայամիում կհանդիպեն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ՝ խաղաղության շուրջ հետագա քննարկումների համար:
Դեկտեմբերի 2-ին Կրեմլում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ դեռևս չկան փոխզիջումային տարբերակներ. որոշ հարցեր Մոսկվայի համար ընդունելի են եղել, որոշ հարցեր քննադատության են արժանացել: Ամերիկյան ծրագրում անընդունելի կետեր կան նաև Կիևի համար, մասնավորապես՝ տարածքային զիջումների, ուկրաինական բանակի թվաքանակի կրճատման և ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարի հետ կապված:
Խաղաղության բանակցություններին զուգահեռ շարունակվում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանը հայտնել է գիշերն ուկրաինական գրեթե 80 անօդաչու թռչող սարք խոցելու մասին, այդ թվում՝ Մոսկվայի երկնքում: Վորոնեժում կա մեկ վիրավոր: Իսկ Օդեսայում ռուսական անօդաչուների հարվածից շենքեր են վնասվել, կան վիրավորներ:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում: