«Մտահոգությունները շատ լավ է, որ գոյություն ունեն, բայց եթե բերվել է նախագիծ, արդեն հանձնաժողովից հասել է լիագումար նիստ, նշանակում է, որ վերլուծությունները և թվանաբանությունները տակը դրված են՝ ԳՇ կողմից մշակված։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք զինծառայության ժամկետի կրճատման որոշումը կարո՞ղ է առաջացնել թվակազմի փոփոխություն։
«Այն նպատակը, որը դրված է Կառավարության այս նախաձեռնության մեջ, ռազմավարության հաջորդ քայլն է, որը որդեգրված է Կառավարության ծրագրում։ Իհարկե, մեր ընդդիմադիր գործընկերները սրա մեջ հնչեցրին, որ սա կարող է՝ կապված է ապագա ընտրությունների հետ, հանձնաժողովի նիստում միանգամից դա բացառվեց, որովհետև այս նպատակին մենք վաղուց ենք գալիս, և այսօր ստեղծված իրավիճակը թույլ է տալիս անել սա։ Վերջին հաշվով, այսօր պաշտպանության նախարարին եթե լսել եք, մեր հարևան պետությունները. Վրաստանում 1 տարի է, Ադրբեջանում վաղուց մեկուկես տարի է, և խաղաղության նպատակը, որ դրված է այսօր՝ որպես մեր քաղաքական նպատակ, ուղղություն, այսօր արդեն հնարավորություն է տալիս թևակոխել պրոֆեսիոնալ բանակի փուլ, որովհետև «Պաշտպան հայրենյաց»-ից բավականին շոշափելի թիվ է, որդեգրված, ըստ էության, իր գրավչությամբ։ Այդ թիվն անընդհատ մեծանում է, դա է պրոֆեսիոնալ բանակի հիմքը։ Այդ թիվն անընդհատ մեծանալով զորակոչային թվերի մեջ, կարողանում ենք կառավորել այդ ամենը և թվաքանակի խնդիր չունենք, որովհետև, վերջին հաշվով, մենք պատկերացնում ենք պրոֆեսիոնալ բանակն իր բոլոր դրսևորումներով։
Տարիներ շարունակ, գուցե 94-ից սկսած, մենք դիրքապահ բանակ ենք տեսել որոշակի սահմանապահ դրսևորումներով, այսօր մենք ստեղծում ենք և՛ սահմանապահ զորքեր, և՛ կանոնավոր բանակի այն կառույցները, որոնք գտնվելով մի քիչ ավելի հետնամասում, ձեռք են բերում մարտական ավելի լուրջ փորձառություններ նոր իրավիճակներում և նոր բյուջեով նախատեսված ծախսերի տրամաբանության մեջ»,- նշեց նա։