Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ կլինեն։ Այդ մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ խորհրդանշական է, որ մենք արդեն Ներքին Հանդում խաղահրապարակ կառուցելուն ենք հասել։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ շրջանում Ներքին Հանդում տանիքները նորոգեցինք։ Նշանակում է՝ երեխաներ են ապրում Ներքին Հանդում»,- նշեց Փաշինյանը։
«Սա այցի ժամանակ տված խոստում է, և երեխաներին խոստացել էինք։ Մի քիչ աշխատանքները ձգձգվեցին։ Համայնքը հարմար տեղ, հողատարածք չէր կարողանում առաջարկել։ Երբ առաջարկեց, հիմա պայմանագիրը կնքված է։ Հանրապետության նախագահի հետ այցի ժամանակ էր՝ անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին էր»,- ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շատ կարևոր է, որ Ներքին Հանդի ժողովուրդն ասել է՝ խնդրում ենք մեզ համար խաղահրապարակ կառուցել։ Այսինքն՝ որ ասում ենք՝ խաղաղությունը կա թե չկա, սրա մասին է։ Դա նշանակում է, որ Ներքին Հանդի ծնողները պատրաստ են երեխաներին թույլ տալ, որ գնան այդ խաղահրապարակում խաղան, չունեն, չէ՞, մտավախություն։
Պարզ է, որ սահմանազատում արված չէ այնտեղ, պարզ է, որ հարցեր կան։ Դա նշանակում է, որ մարդիկ արդեն արձանագրել են, որ այդ հարցերի լուծման ընդհանուր տրամաբանությունը և փիլիսոփայությունը տեղափոխվել է այլ դաշտ։ Այդ դաշտը Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգն է, որը և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վավերացված է, պարտադիր իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Եվ սա շատ խորհրդանշական է»,- նշեց վարչապետը
Տեսանյութը՝ այստեղ: