Անհատ ձեռնարկատեր Թամարա Սաֆարյանին պատկանող լիմոնադի արտադրամասում (Արագածոտնի մարզ, ք․ Թալին, ապրանքանիշը՝ «Թալինի լիմոնադ») Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների իրականացրած ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Այսպես՝
- չեն իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկմա և ընթացիկ վերանորոգման, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ.
- հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից.
- առաստաղն ապահով չի եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, խոնավության խտացումը.
- դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.
- սահմանված չեն եղել և չեն իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները.
- չեն իրականացվել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումների և գույքի լվացման, մաքրման, ախտահանման աշխատանքներ.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:
«Թալինի լիմոնադ» ապրանքանիշը ներկայացնող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է:
Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: