Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2060-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական մարմիններին գումար հատկացնելու մասին որոշումը։
«Կառավարության նոյեմբերի 27-ի նիստում հաստատվեց գնահատման պիլոտային կարգը, որի նպատակն է առաջնահերթությունների ուղղությամբ կատարողականի գնահատման միջոցով նպաստել պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը։
Ծրագրի հիմնական սկզբունքը բարձր կատարողականի համար աշխատակիցների նյութական խրախուսումն է որպես համակարգի արտադրողականության աճը երաշխավորող գործոն։
Սույն որոշումը, պիլոտային ծրագրի համաձայն, 2025 թվականի առաջին կիսամյակի գնահատման հիմքով պետական մարմիններին խրախուսական ֆոնդի հատկացումն է։ Առաջարկվում է յուրաքանչյուր պետական մարմնի համար ֆոնդը հաշվարկել՝ հիմք ընդունելով պաշտոնների խմբերի դրույքաչափերի նկատմամբ սույն որոշմամբ սահմանվող ինդեքսավորման գործակիցները։
Նշված գործակիցները տարբերակված են՝ հաշվի առնելով պաշտոնային խմբերի պատասխանատվության աստիճանը; Կարևոր է պարզաբանել, որ ինդեքսավորման գործակիցները պետք է սահմանվեն յուրաքանչյուր հաշվետու ժամանակահատվածի համար և այս դեպքում կիրառվելու են 2025 թվականի առաջին կիասամյակի արդյունքներով հատկացումների չափը որոշելու նպատակով։ Համապատասխանաբար պիլոտային ծրագրի հաջորդ ժամանակահատվածների համար պիլոտային ծրագիրը գործելու է մինչև 2026 թվականի ավարտը։ Դրանք կսահմանվեն նոր որոշումներով։ Այսպիսի մոտեցումը պայմանավորված է նաև պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությամբ, նպատակ ունենալով ընթացքից գնահատել ընդունված որոշումների արդյունավետությունը և կատարել պահանջվող ճշգրտումներ։
Սույն որոշման մեկ այլ առանձնահատկություն է այն, որ խրախուսական համակարգի կիրառությունը փորձնական եղանակով տարածվում է նաև այլ պետական մարմինների նկատմամբ, որոնք պետական կառավարման ուղղակի մասնակիցներ են, սակայն ամբողջությամբ չեն կիրառում պիլոտային ծրագրով նշված կարգավորումները։ Պիլոտային ծրագրի կիրառության տրամաբանությունը պահանջում է, որ առաջիկայում հնարավորինս ընդլայնվի այն մարմինների կազմը, որոնք ուղղակիորեն կկիրառեն գնահատման գործիքակազմը՝ նպատակ ունենալով այն դարձնել աշխատանքի արդյունավետությունը բարձրացնող ուղղակի գործոն։
Սույն որոշմամբ պետական մարմիններին հատկացվող բյուջետային միջոցների հանրագումարը կազմում է մոտ 3.6 մլրդ դրամ»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Վահե Հովհաննիսյանը նշեց. «2025 թվականի բյուջեն հաշվարկելիս մենք երբ որ հաշվարկեցինք պետական ապարատի պահպանման ծախսերը, մենք 4 տոկոս կրճատեցինք այդ ծախսերը մեխանիկորեն, և որպեսզի բոլոր պետական մարմինները օպտիմիզացնեն իրենց ծախսերը, հաշվարկային թվից քիչ փող ենք հատկացրել բոլոր մարմիններին: Եթե հետ նայենք, ապա այն գումարը, որ մենք հիմա հետ ենք տալիս նույն մարմիններին, նույն գումարն է, որ մենք օպտիմիզացրել ենք. այսինքն՝ ոչ մի հավելյալ փող մենք չենք ծախսում, և դա, ըստ էության, մեր օպտիմիզացրած գումարն է, որ, իմ կարծիքով, թեև կարծում եմ, որ լավարկման տեղ ունենք այս մեթոդաբանության առումով, բայց ավելի արդյունավետ և թիրախային բաշխվում է հետ՝ այդ նույն մարմիններին։ Ընդ որում՝ ուզում եմ հիշեցնել, որ 4 տոկոսի կրճատման վարժությունն արել ենք 26 թվականի բյուջեի համար և պետական բոլոր գերատեսչություններին 4 տոկոսով քիչ գումար ենք հատկացրել, հուսով ենք որ արդյունքները լավ կլինեն 26 թվականին, որ նույն գործողությունն իրականացնենք»։