Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային և ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր և ամբողջական կարգավորումների դաշտը: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական նախագծերով: Օրենսդրական փաթեթի հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանը և Արուսյակ Մանավազյանը:
Մերի Գալստյանի տեղեկացմամբ օրենքի նախագծով սահմանվում են ՀՀ տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:
Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը, նրանց ստերջացմանն ու որդեգրմանը:
Մասնավորապես, նախատեսվում է մարզկենտրոններում կառուցել 1-3 կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաև ժամանակավոր պահման և կերակրման հանձնված կենդանիները:
Մերի Գալստյանի խոսքով օրենսդրական փաթեթի մշակումը սկսվել է 2019 թվականից, ինչի պատճառ հանդիսացել են նաև կենդանինիերի նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ ահազանգերը:
Նախագծերի ընդունման և կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան և անպատասխանատու գործողությունները և ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:
Նախագծերի մշակման փուլում հեղինակներն ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մտքերի փոխանակության ընթացքում Մերի Գալստյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են շների ստերջացմանը, քնեցմանը, կենդանիների ցանկին, թափառող շների չիպավորմանը, մարդկանց վրա թափառող շների հարձակումներին և այլն:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է Լիլիթ Կիրակոսյանը:
Կառավարության դրական կարծիքը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Փոխնախարարի տեղեկացմամբ՝ գործադիր մարմնի ներկայացրած առաջարկները հեղինակները մեծամասամբ ընդունել են:
Եզրափակիչ ելույթում Մերի Գալստյանն անդրադարձել է գործընկերների հարցերին և դիտողություններին, տվել պարզաբանումներին:
Օրենսդրական փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Փաթեթի քննարկման ավարտից հետո պատգամավորները քվեարկություններով ընդունել են հերթական նիստերի ընթացքում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները:
62 կողմ, 27 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն ընդունել է «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծը:
Սպառելով օրակարգը՝ խորհրդարանն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը: