Այս փուլում եկեք զերծ մնանք առաջարկների՝ կողմ, դեմ լինելու հետ կապված գնահատականներից, որովհետև դա քննարկման պրոցես է: Նման 12 դեպք է եղել, և մենք այսօր ունենք առնվազն 15 համաձայնեցված կետ, որը համարում եմ շատ մեծ ձեռքբերում: Եթե կհիշեք՝ ամենասկզբից, երբ խոսակցություն սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը 5 միջազգայինորեն ընդունված կետի մասին էր խոսքը, այսօր՝ երեք անգամ ավելի շատ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կա՞ էսկալացիայի վտանգ, Սիմոնյանը նշեց. «Էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված՝ պետք է միշտ ամեն ինչ անենք, որ նման առիթ և պատճառ չլինի։ Հայաստանը որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձնառած պարտավորություններին և համաձայնագրերին շատ ուժեղ հետևում է և հետևողականորեն շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ չկա. և կարծում եմ՝ պետք է չլինի»։
Նրա խոսքով՝ միշտ պետք է ելնել ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանաչյուր պահի կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենալ, և որևիցե բան չբացառել, սակայն աշխատանքային պրոցեսը միշտ պետք է շարունակվի։
«Իրադարձություններն այնպես արագ են զարգանում, որ կարող են շատ հետաքրքիր զարգացումներ լինել մոտ օրերս»,- ասաց Սիմոնյանը:
Ճշտող հարցին, թե ի՞նչ զարգացումների մասին է խոսքը, պատասխանեց՝ այն թեմայի վերաբերյալ, որի շուրջ զրուցում է, կարող են շատ նորություներ տեղի ունենալ և փոփոխություններ լինել։
«Օրինակ՝ մեր պատասխանը գնա Ադրբեջանին այս շաբաթվա ընթացքում»,- ասաց նա:
Հարցին՝ խոսքը խաղաղության պայմանագրի մասի՞ն է, տվեց դրական պատասխան:
Ինչ վերաբերում է ապաշրջափակմանը, ԱԺ նախագահն ասաց. «Մենք մշտապես ասում ենք, նույնիսկ որոշում կա Կառավարության, որ մենք ասում ենք՝ պատրաստ ենք անցակետեր տեղադրել և ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը չի դադարում: Դրա համար եմ ասում, որ կարող է այս շաբաթ վարչապետը գա՝ պայմանական, նոր հայտարարություն անի կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն լինի»: