Մի շատ կարևոր և հետաքրքիր փաստ, որ, ըստ էության, ստացվում է որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական և հստակ կանոնակարգում և կանոնադրություն հստակ չի ընդունել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ընդգծված է և արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը. կանոնադրություն, որը, ի վերջո, կանոնակարգի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունն և հարաբերությունները»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետն անդրադարձավ հիմնարար խնդրին՝ բարեվարքությանը։
«Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարեվարքության երաշխավորման և հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորենք։ Իսկ ինչո՞ւ դա չպետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում։ Այսօր ես ավելի եմ համոզվում, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում. բազմաթիվ հոգևորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրին, մինչդեռ մեկ այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն: Սա պրոբլեմ է, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարագներ մատուցելու և ծառայություններ իրականացնելու համար, էլ չեմ ասում բարեվարքության մասին: Սա մի հարց է, որն առնչվում է պետական քաղաքականության հետ։ Մենք նախկինում էլ բազմիցս ասել ենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում՝ ՀՀ օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան, հարկային օրենսդրությանը համապատասխան: Ասել եմ, որ եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները հարյուր տոկոսով կվերադարձվեն եկեղեցուն, և դեռ մի բան էլ ավելի։
Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան, ինչո՞ւ: Մարդիկ, որ հեռավոր եկեղեցիներում են ծառայում, հեռավոր գյուղերում։ Մենք գիտենք՝ այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում, բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են ապրում։ Դա այդ թվում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության, պետության պրոբլեմն է»,- ասաց վարչապետը։