Պարո՛ն Օհանյան (պատգամավոր Սեյրան Օհանյան - խմբ.), երբ Ղարաբաղից խոսում եք, մարդիկ շատ լավ հիշում են, որ ձեր քաղաքական թիմի գործողությունների հետևանքով նաև, ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Ղարաբաղը լուծարվեց: Դրա համար մեծ խելք և բարդ հիշողություն պետք չէ: Այս մասին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթի սկզբում ասաց խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Նոր է այդ ամենը տեղի ունեցել, և ձեր՝ նախարար եղած տարիները հիշում ենք՝ ժեշտի բանկաները՝ սահմաններին կախված»,- ասաց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով օրենքի նախագծին՝ հստակ արձանագրեց՝ բանակում իրականացվող այս բարեփոխումները առաջին հերթին իրականացվում են խաղաղության շնորհիվ:
«Խաղաղությունն է այն հիմքը, որ տանելու է մեր երկիրը անկասելի զարգացման՝ կլինի դա պաշտպանության ոլորտում, տնտեսության, կրթության թե առողջապահության ոլորտներում: Ես հպարտ եմ, որ քաղաքական թիմի կառավարման ժամանակ մենք բերել ենք այս փոփոխությունները, որն ընդդիմությունը ծաղրի էր ենթարկում»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ զինվորների մարտունակությունը մեծացնում է այն, որ նրանք տեսնում են, թե պետությունն ինչ է անում, որ իրենք կարողանան լավ անցկացնել իրենց ծառայությունը և իրենց ծառայությունը մատուցել Հայաստանի Հանրապետությանը:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, թե սա նախընտրական քայլ է, ընդգծեց՝ սա իրենց նախընտրական ծրագրի իրականացումն է:
Ինչ վերաբերում է հաջորդ տարի անցկացվելիք ընտրություններին, Հովհաննիսյանը վստահություն հայտնեց, որ ժողովուրդը ընտրելու է խաղաղությունը և վերահաստատելու է զարգացման այն բոլոր ծրագրերը, որ իրականացվում են Հայաստանում խաղաղության շնորհիվ, և անկասելի է դարձնելու ՀՀ զարգացումը:
Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը փոխարինել 18-ամսյա ծառայության ժամկետով՝ դրա գործողությունը տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա:
«2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը սկսվելու է 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամսյա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025-ի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները»,- այսօրվա նիստում ասել էր հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը տեղեկացրել է՝ ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա: