Զգուշացեք, խարդախություն է: Այս անգամ «ՀայՓոստն» է ահազանգում: Ընկերությունը տեղեկացնում է՝ իր անվան և ապրանքային նշանի օգտագործմամբ զեղծարարները փորձում են քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Նմանատիպ հաղորդագրություն օրվա ընթացքում տասնյակ քաղաքացիներ են ստանում:
Այս անգամ խարդախներն այլ երկրում գրանցված անհայտ համարներից քաղաքացիներին «ՀայՓոստի» անունից ուղարկում են կարճ հաղորդագրություններ՝ առաջարկելով կատարել 233,12 դրամ առաքման վճար, որպեսզի ծանրոցն առաքվի: Մյուս դեպքում՝ խարդախներն առաջարկում են փաթեթի համար մաքսատուրքի վճարում կատարել: Հղմամբ անցնելով՝ բացվում է պատուհան, որտեղ պահանջվում է ներմուծել անձնական և բանկային քարտի տվյալներ։
Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ նման խարդախություններն անընդհատ կրկնվում են, կարևոր է խնդրի դեմ համակողմանի պայքարը: Նախ, ըստ նրա, պետք է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը, կասկածելի հաղորդագրություն կամ զանգ ստանալու դեպքում խուճապի չմատնվել և կապ հաստատել տվյալ կազմակերպության կամ մասնագետի հետ։
Արթուր Պապյան (մեդիափորձագետ) - Մեխանիզմը բոլոր դեպքերում նույնն է: Դուք չեք նախաձեռնողը: Ձեզ սկսում են խաբել շատ ականջահաճո, հետաքրքիր բաներով, շահել եք, օրինակ, կամ՝ զարմացնող, վախեցնող, ու միշտ լինում է այս պահը, որ հենց հիմա, արագ: Այ, այսպիսի բառերը համարյա միշտ պիտի ձեզ համար զգուշացման հիմք դառնան:
Այսօր խնդիրը «Հայփոստի» հետ է, վաղը կարող է հաղորդագրություն ստացվել որևէ բանկային կամ առևտրային կազմակերպությունից: Մեդիափորձագետը նշում է՝ զեղծարարները ընտրում են մեծ և հասարակությանը ծանոթ կազմակերպություններ, որոնցից հաղորդագրություններ ստանալը իրենց համար կասկած չի առաջացնի: Ըստ նրա՝ վերջին շրջանում խաբեության երկու ամենատարածված տեսակներն են «Գազպրոմի» բաժնետեր դառնալու առաջարկներն ու կրիպտոյի մեջ գումար ներդնելը:
Արթուր Պապյան - Սկզբում մեկ-երկու անգամ ձեզ գումար են տալիս նույնիսկ, ձեր օգտահաշիվը կուտակվում է, հետո ավելի ու ավելի մեծ գումարներ եք տենում օգտահաշվի մեջ, որ, այ, դուք այսքան կրիպտո ունեք, հետո, երբ ուզում եք գումարը հանել, միանգամից բախվում եք խոչընդոտների, որ չէ, էլի պիտի գումար հանեք, դուրս չի գալիս, տեխնիկական խնդիր է... Եվ մենք բազմաթիվ դեպքեր ունենք, որ մարդիկ տասնյակ հազարավոր դոլարներով են այդպիսի խաբեությանը զոհ գնացել:
Պապյանի խոսքով՝ զեղծարարների խաբեությունները մանրակրկիտ մտածված են այնպես, որ յուրաքանչյուր հաճախորդի քարտային տվյալներից մի քանի հարյուր դոլարի եկամուտ ստանան։ Ոստի նրա խորհուրդն է՝ ոչ մի դեպքում բանկային և անձնական տվյալները չմուտքագրել կասկածելի հղումներում։
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան