Կարո՞ղ է արդյոք Հայաստանում ընտրություններին մասնակցել «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» անունով կուսակցությունների դաշինք, թե՞ ոչ: Հիմա այս հարցն է քննարկվում: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ ընդդիմությունը իրենց ասում է՝ եթե «Ուժեղ քաբաբ Ստյոպի մոտ» դաշինքը չի կարող գրանցվել, անձնանուն բառը չի կարող էնտեղ լինել, հետևաբար, սա հարված է ժողովրդավարությանը:
«Ժողովուրդ ջան, ես անկեղծորեն չեմ հասկանում՝ ձեր դարդը թողած, գնացել եք 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում: Դուք ձեր դարդը լացեք, հատկապես, որ լացելու շատ բան ունեք»,- ասաց պատգաավորը՝ դիմելով ընդդիմադիր գործընկերներին:
Պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի մեղադրանքներին՝ հիշեցրեց՝ վերջերս նրանց կուսակցությունց է մոտ 50 հոգի ձերբակալվել Վաղարշապատի ընտրություններում, «իրենց բառերով ասած՝ 20 մանեթ բաժանելու համար»:
«Բայց վերջում էլ այդ կանայք, որոնք ձերբակալվել են ձեր կուսակցական կաշառք բաժանելու համար, շատ ճիշտ բան են ասել՝ ասում են՝ սրիկա են, փողը իրենց են պահում, մեզ ոչ մի կոպեկ չեն տալիս, այ դրա համար էլ ընդդիմություն չունենք, մեր ընդդիմությունը կրվեց: Ձեր բնութագրումը ձեր կուսակցական ընտրատասովշչիկներն արդեն իսկ տվել են:
Հարգելի գործընկերներ, մի՛ եկեք այստեղ Վենետիկի հանձնաժողովի, բարձրարժեք բաների մասին մի խոսեք, իսկ ինչ վերաբերում է բուն՝ օրենքի նախագծին, նորից եմ կրկնում՝ ձեր դարդը լացեք, հատկապես որ լացելու շատ բան ունեք»,- խոսքը եզրափակեց Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ արտահերթ նիստում, ի թիվս այլ նախագծերի, քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը:
«Երկու կոմպոնենտ ունի նախագիծը, մեկը վերաբերում է քվեարկության նկատմամբ վերահսկողության արգելքի համար նախատեսվող գործիքակազմի լավարկմանը, մյուսը վերաբերում է կուսակցությունների անվանումներին»,- ավելի վաղ տեղեկացրել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: