ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհրամայի ջախջախիչ հարվածներ հասցնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե Թեհրանը համաձայնագիր չկնքի: Թրամփն Իրանին ժամանակ է տվել մինչև ապրիլի 8-ի առավոտյան ժամը 4-ը, որից հետո, նրա խոսքով, Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ:
«Ամեն ինչ կայրվի և կպայթեցվի և այլևս օգտագործման ենթակա չի լինի: Դա տեղի կունենա չորս ժամվա ընթացքում, եթե մենք կամենանք: Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա: Մենք պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի է ինձ համար: Եվ այդ համաձայնագրով մենք ցանկանում ենք նավթի ազատ փոխադրում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Թրամփը նաև քննադատել է ՆԱՏՕ-ին, Հարավային Կորեային, Ճապոնիային և Ավստրալիային՝ Իրանի դեմ պատերազմում Վաշինգտոնին չօգնելու համար:
Իրանից արձագանքել են ԱՄՆ նախագահի սպառնալիքներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը դրանք անվանել է կոշտ հռետորաբանություն, որի նպատակն է արդարացնել ԱՄՆ-ի ռազմական ձախողումները:
ՄԱԿ-ն էլ մտահոգություն է հայտնել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածելու սպառնալիքների առնչությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը նշել է՝ Անտոնիու Գուտերեշը հիշեցնում է, որ քաղաքացիական, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքները չպետք է հարվածների ենթարկվեն. դա արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով: