Վերսկսվել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի առցանց հայտադիմումների ընդունումը՝ 2026–2027 ուսումնական տարվա համար։ Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով ունեցել են առնվազն հինգ տարվա ուսումնական դադար։ «Նոր մեկնարկ»-ի միջոցով հիմնադրամը վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլև իրական ճանապարհ՝ անձնական և մասնագիտական զարգացման համար։
«Կրթաթոշակային նախագծի շահառուները կարող են ուսումը շարունակել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հավատարմագրված բուհերում կամ միջին մասնագիտական կրթական հաստատություններում՝ առկա կամ հեռակա ձևաչափով։
Նախագծին կարող են դիմել 23 տարին լրացած այն անձինք (առանց առավելագույն տարիքային սահմանափակման), ովքեր ունեն առնվազն հինգ տարվա ուսումնական դադար:
Առաջնահերթ ուշադրության կարժանանան հետևյալ խոցելի խմբերը․
-
երեխաների խնամքի նպատակով ուսումը դադարեցրած ծնողներ,
-
միայնակ ծնողներ,
-
ներկա և նախկին դատապարտյալներ,
-
հաշմանդամություն ունեցող անձինք,
-
տեղահանված հայրենակիցներ,
-
պարտադիր զինվորական ծառայության կամ մարտական գործողություններին մասնակցելու պատճառով ուսումը չսկսած կամ չավարտած անձինք։
Նախագծի շրջանակում աջակցությունը կարող է ներառել․
-
ուսման վարձի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում՝ հիմնված ուսանողի միջին որակական գնահատականի (ՄՈԳ) և սոցիալական ցուցանիշների վրա,
-
ընդունելության նախապատրաստական դասընթացների ծախսերի փոխհատուցում,
-
բարձր առաջադիմությամբ ուսանողների համար՝ կրթաթոշակ՝ հաշվի առնելով նաև ուսանողի հասարակական ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը,
-
ուսումնական նյութերի, գրենական պիտույքների, մասնագիտական գրականության և անհրաժեշտ տեխնիկական միջոցների տրամադրում,
-
խորհրդատվական և մենթորական ուղեկցում՝ ուսման ողջ ընթացքում։
Առկա ուսուցման վճարի ֆինանսավորում ստանալու համար դիմելու վերջնաժամկետն է մայիսի 1-ը, իսկ հեռակա ուսուցման համար` սեպտեմբերի 1-ը:
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected] կամ զանգահարել 041 444 397, 060 501 444 հեռախոսահամարներով»,- ասվում է հաղորդագրության մեջ: