Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի որոշ կետերի շուրջ կողմերը կոնսենսուս ունեն՝ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահը:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Չեմ կարող դրանք բարձրաձայնել, կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են: Դրանք ընդհանուր դրույթներն են և այն բաներն են, որոնք միջազգայնորեն ընդունված կետեր են։ Բացել չեմ կարող, որովհետև դա կարող է խանգարել ընդհանուր գործընթացին։
Ալեն Սիմոնյանն ասաց՝ տարաձայնություն կա 3-4 կետերի շուրջ: ԱԺ նախագահի համոզմամբ՝ պայմանագրի վերաբերյալ քննարկումներում Ռուսաստանը դեր ունի, և ավելորդ է, Սիմոնյանի ձևակերպմամբ, Մոսկվայի «խանդը»:
Ալեն Սիմոնյան - Միևնույն ժամանակ, մի քիչ ավել եմ համարում այն ջղաձգումները և նյարդային արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ որ այլ որևիցէ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել: Ես դրանք շատ ավելի էմոցոնալ եմ համարում, քան քաղաքական մեծ կառույցի կողմից, որ պետք է լինի: Կարծում եմ, որ պետք է մի քիչ ավելի իրենք հանգիստ լինեն:
Սիմոնյանը հավաստիացրեց, որ խաղաղության պայմանագրի մեջ Երևանը ականներ չի դնի Հայաստանի պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ: Նշեց՝ խաղաղության պայմանագիրը վերաբերում է երկու երկրների հարաբերություններին:
ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԲԱՔՈՒՆ ՊԵՏՔ Է ՔՆՆԱՐԿԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԵՏ. ՍԻՄՈՆՅԱՆ
Իսկ Արցախի հարցը, Ադրբեջանը պետք է քննարկի Արցախի օրինական իշխանության հետ:
Ալեն Սիմոնյան - Թող չլինի տպավորություն, որ էդ պայմանագրով մենք որևիցե ձևով փորձում ենք հետ կանգնել Արցախի շահերի պաշտպանության, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցից: Մենք պետք է հասկանանք, օրինակ, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որն ունենք, ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է այդ իրավունքները ֆիքսելու, թե՞ չի բավարարում, և արդյոք մենք նոր դրույթ դնելով՝ հայ-ադրբեջանական խաղաղութան պայմանագրի մեջ չեղյալ չենք, հայտարարի, օրինակ, նոյեմբերի 9-ի փաստաթղթում տեղ գտած՝ մեզ և Արցախի ժողովրդի համար կարևորագույն արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում հայտարարել էր՝ ողջունում է երրորդ երկրների միջնորդությամբ Հայաստանի և Արդբեջանի հարաբերությունների կարգավորումը: Դրան արձագանքելով՝ Սիմոնյանն ասաց.
«Էկեք, ժողովրդական խոսքով ասած, ծուռ նստենք և դուզը խոսենք. իրանք էին մեր տարածքային ամբողջականության, անվտանգության ապահովողը: Այստեղ է գտնվում ռուսական զորախումբը, և այդ մեր պայմանագրերը այս իրավիճակին էին միտված: Բա դուք ո՞ւր եք, ինչի չեք ավելի ակտիվ մասնակցում, եթե չեք կարողանում, ես ասել եմ՝ պետք է բարձրաձայն դրա մասին ասել և, միգուցե, նստել և ելքեր գտնել»:
ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ ԼԱՉԻՆԻ ՓԱԿՄԱՆ ԵՎ ՀԱԱԳԱՅԻ ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի փակմանն ու Հաագայի դատարանի որոշմանը, որով Բաքուն պետք է ապահովի միջանցքի անխափան գործունեությունը: Սիմոնյանի հավաստմամբ՝ Հայաստանն այս որոշումը մաքսիմալ օգտագործելու է միջազգային բոլոր ատյաններում:
Ալեն Սիմոնյան - Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով: Այո, մենք տուժեցինք, այո, մենք ծանր ենք տանում, այո, մեր հայրենակիցները փակված են, մենք խնդիրներ ունենք: Բայց քաղաքական առումով Ադրբեջանը իմ գնահատմամբ հայտնվել է փակուղու մեջ:
Խորհրդարանի նախագահը անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը, որը, ըստ նրա, կկաշկանդի Ադրբեջանի գործողությունները:
Ալեն Սիմոնյան - Եթե շատ ծայրահեղ նայենք, իհարկե, եթե հարձակվող կողմը որոշում ա հարձակվի, և դրա հնարավորությունները գնահատում է բավարար, ինքը կհարձակվի: Բայց ինքնին հենց որոշումն արդեն զսպող մեխանիզմ է, հլը ես չեմ ասում արդեն՝ այստեղ գտնվելը: Բայց ինքնին հենց որոշումը քաղաքական գնահատական է, դա արձանագրում է:
Սիմոնյանն անդրադարձավ նաև վաղը՝ մարտի 1-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի նիստին ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների մասնակցությանը:
Ալեն Սիմոնյան - Ո՞նց եք պատկերացնում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները գան, մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանին Ազգային ժողովում հարց տան:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան