Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել 2010 թվականին մահացած Վահան Խալաֆյանի գործով: Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում մահացած 24-ամյա Խալաֆյանի մահվան հանգամանքներն արդյունավետ չքննելու և մեղավորներին պատասխանատվության չենթարկելու պայմաններում ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումների արգելքի իրավունքների խախտում, Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել՝ տուժողի իրավահաջորդներին վճարել 50 հազար եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում: Եվրոպական դատարանում Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ Արա Ղազարյանը բավարարված է վճռով ու արձանագրմամբ, որ քննությունը վարվել է միակողմանի:
Արա Ղազարյան (ՄԻԵԴ-ում Վահան Խալաֆյանի ազգականների շահերի ներկայացուցիչ) - Ի սկզբանե որպես հիմք է ընդունել հենց այն ոստիկանների վարկածը, ովքեր եղել են նույն սենյակում, այսինքն՝ իրենք պոտենցիալ կասկածյալներ էին, և բոլորովին հաշվի չեն առնվել և՛ իրավապաշտպանների, և՛ պաշտպանական կողմի հետագայում դատարանում հիմնավոր պնդումները, փաստաթղթերն առ այն, որ տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ ինքնասպանության իմիտացիա, և մահվան իրական պատճառը հենց բռնությունն է:
2010 թվականի ապրիլի 13-ին Վահան Խալաֆյանն ու ևս երեք անձ բերման են ենթարկվել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք՝ գողություն կատարելու կասկածանքով: Խալաֆյանը հրաժարվել է խոստովանական ցուցմունք տալուց, ինչից հետո քրեական հետախուզության բաժանմունքի պետը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Պաշտոնական վարկածի համաձայն՝ Խալաֆյանը, աշխատասենյակի պահարանից վերցնելով խոհանոցային դանակը, երկու անգամ հարվածել է իր որովայնին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Տեղում նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, ապա` շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Չարենցավանի բժշկական կենտրոն, սակայն ստացված վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն: Փորձագետը, բացի դանակի հարվածների հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ վնասվածքներ ևս արձանագրել է Խալաֆյանի մարմնի տարբեր մասերում: «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը նմանատիպ այլ գործերի արդար քննության համար կարևորում է ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը:
Ժաննա Ալեքսանյան («Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ) -
Այսպիսի գործերն աղմկահարույց, ցուցիչ են մնացած բոլոր գործերի համար, որ, այ, եթե քննվում է անաչառ գործը, բազմակողմանի և օբյեկտիվ, կամ որ չի քննվել, բայց լույսը եկավ ՄԻԵԴ-ից, սա պետք է տարածվի նաև մնացած բոլոր գործերի վրա:
Վահան Խալաֆյանի մահվան փաստի առթիվ մեղադրանք էր առաջադրվել Չարենցավանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետին, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորին, ավագ օպերլիազորներին: Ըստ մեղադրական եզրակացության` նրանք, հանդիսանալով պաշտոնատար անձինք, ակնհայտ դուրս գալով պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն են գործադրել բերման ենթարկված անձի նկատմամբ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Տուժողի իրավահաջորդների շահերի պաշտպանները ՄԻԵԴ-ի վճռից հետո դատական գործի վերաբացման անհրաժեշտություն են տեսնում:
Արա Ղազարյան - Մեղադրանք է առաջադրվել միայն պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ 309-ի 2-րդ մասով, որն այն ժամանակ շատ մեղմ հոդված էր, և խոշտանգման ինքնուրույն հանցակազմ հոդված չկար:
Իրավապաշտպանները մտավախություն ունեն, որ գործի քննության համար կարող է խոչընդոտ լինել վաղեմության ժամկետը: Արդարության վերականգնման համար ակնկալում են պետության քաղաքական կամքի դրսևորումը:
Արթուր Սաքունց (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար) - Կարող է ցույց տրվել տարբեր գործողություններով, որը մարդու մոտ վստահություն առաջացնի, որ այլևս նման բան չի կարող կրկնվել:
12 տարի առաջ տեղի ունեցած դեպքի նոր քննությունը կարող է նաև այլ խոչընդոտների հանդիպել՝ նշում են իրավապաշտպանները, հավելում՝ այս գործով անհրաժեշտ է անցումային արդարադատության էլեմենտներ կիրառել:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան