Ուսում ստանալու համար զինծառայությունից տարկետում ստացածները զորակոչի ենթակա կլինեն մինչև 28 տարեկան դառնալը: Օրենքի նախագիծը մշակել է Կառավարությունը, ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսքով՝ խնդիրը ծագել է 10-ից 12 տարվա կրթության համակարգի անցնելու հետևանքով:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Բազմաթիվ են դեպքերը, երբ դեռևս 27 տարեկանում տարկետում ստացած սովորողները ասպիրանտուրայի երկրորդ կուրսում արդեն իսկ զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: Այս խնդիրն առաջացել է այն հանգամանքից, որ հանրակրթությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ:
ԿՐԹՈՒԹՅԱՆ՝ ՄԻՆՉԵՎ 2030 Թ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Վահրամ Դումանյանի համակարգման ոլորտի հաջորդ նախագծով առաջարկվում է սահմանել կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Նախորդ ծրագիրն ընդունվել է 2011-ին, գործել մինչև 2015 թվականը: Կրթության ոլորտի նոր ռազմավարությամբ, Դումանյանի համոզմամբ, բարձրագույն կրթության համակարգը միջազգային ասպարեզում ավելի մրցունակ կդառնա:
Վահրամ Դումանյան - Կստեղծվեն 100% ֆինանսավորմամբ մինչև 8 բուհ, չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը: Հայաստանյան կոնկրետ թվով բուհերին պետական թիրախային աջակցության տրամադրման միջոցով հնարավորություն կստեղծվի միջազգային մրցակցության պայմաններում էականորեն բարելավել դիրքերը, արդյունքում 2030-ին առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկված կլինեն միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ:
ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՁԳԵԼ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեությունը անհրաժեշտ է երկարաձգել ևս 6 ամսով՝ վստահ է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նախորդ կես տարում հանձնաժողովը պատերազմի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր է ստացել պաշտպանության նախարարությունից, զբաղվել դրանց ուսումնասիրությամբ, կազմել հանձնաժողովի փակ նիստերին մասնակցելու համար հրավիրյալ անձանց ցանկը: Անդրանիկ Քոչարյանը հայտնեց՝ երկու անձի արդեն հրավեր ուղարկվել է:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Պարոն Վարդան Օսկանյանը հեռահար ճանապարհով իր դժգոհությունն է հայտնել, որը որևէ ձևով չի արտացոլում հանձնաժողովի աշխատանքներին նրա չմասնակցության անհրաժեշտությունը: Նա պետք է գա, և պետք է բոլորը գան:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՑԵՄԵՆՏԻ ԵՎ ԿԼԻՆԿԵՐԻ ՏՈՒՐՔԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԱԽԱԳԻԾԸ
Հայաստան ներկրվող ցեմենտի և կլինկերի տուրքին առնչվող նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ առաջին ընթերցման ժամանակ նախատեսել էին ներկրվող կլինկերի մեկ տոննայի համար գործող 2 հազար դրամ տուրքը հանել, իսկ ցեմենտի մեկ տոննայի համար սահմանված 14 հազար դրամ տուրքը նվազեցնել մինչև 9 հազար դրամի: Մինչև երկրորդ ընթերցում կատարված փոփոխությամբ ցեմենտի մեկ տոննայի համար սահմանվել է 2 հազար դրամ պետական տուրք, կլինկերի տուրքը հանելու որոշումը մնացել է անփոփոխ:
Բաբկեն Թունյան - 2019 թվականին ինչ-ինչ հանգամանքների բերումով, երբ իրանական ցեմենտի գինը կտրուկ նվազեց, մեծ ծավալով իրանական ցեմենտ սկսեց Հայաստան մտնել և տեղում արդեն տեղական արտադրողների համար խնդիր էր առաջացել, որովհետև չէին կարողանում մրցակցել: Այն ժամանակ տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով տուրքի չափ ներդրվեց, որ դիմանան մրցակցությանը և չսնանկանան, բայց հիմա ունենք մի վիճակ, երբ անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղական ցեմենտը:
ՆՊԱՍՏ՝ ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Հայաստանում ծնելիության կայուն աճ ապահովելու և ժողովրդագրական իրավիճակը բարելավելու նպատակով էլ Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում մինչև 2 տարեկան երեխայի ծնողին խնամքի նպաստ նշանակելու գործընթացում: Ներկա կարգավորմամբ՝ նպաստը նշանակվում է խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողին, ինչպես նաև երեխայի ծննդյան կամ դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի գյուղական բնակավայրի հաշվառում ունեցող և փաստացի բնակվող ծնողին՝ անկախ աշխատելու հանգամանքից:
Դավիթ Խաչատրյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Նախագծով առաջարկվում է 23 թվականի հունվարի 1-ից մինչև 2 տարեկան երեխայի համար խնամքի նպաստ նշանակել բոլոր մայրերին, անկախ նրանց հաշվառման, բնակության վայրից: Այս դեպքում պետական աջակցությունը հասանելի կլինի մինչև 2 տարեկան երեխայի խնամքով զբաղված բոլոր ծնողներին, անկախ նրանց աշխատելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքից:
Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ փոփոխությունը որքա՞ն հավելյալ ծախս կառաջացնի պետական բյուջեի համար: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց՝ այս ուղղությամբ 2022 թվականի համար հատկացվել էր շուրջ 9 մլրդ դրամ, ընթացքում լրացվել է ևս 3 մլրդ 800 միլիոնով: 2023 թվականի համար արդեն նախատեսվել է 20 մլրդ 400 մլն դրամ:
Դավիթ Խաչատրյան - 23 թվականի ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի գծով ընդհանուր հատկացումը շուրջ 50 մլրդ դրամ է, որն այս տարվա համեմատ 50 տոկոսով ավելի է:
Ազգային ժողովը սպառեց հերթական նիստի օրակարգը: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չմասնակցեցին խորհրդարանի աշխատանքին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան