Խոհարարություն, ատաղձագործություն, ոսկերչություն, մատնահարդարում, օտար լեզուներ, համակարգչային ծրագրեր և այլն: Հայաստանում կարճաժամկետ դասընթացների կամ լրացուցիչ կրթության վերջնարդյունքի ճանաչման գործընթաց է սկսվել: «Կրթության մասին» օրենքում արդեն համապատասխան լրացումներ են արվել, մանրամասներն ու կարգերը կհստակեցվեն առաջիկայում: Բազմաթիվ մասնագիտություններ, հմտություններ ու կարողություններ հաճախ ձեռք են բերվում ոչ ֆորմալ կրթության միջոցով: Բայց ահա վերջնարդյունքը պետությունը որևէ կերպ չի գնահատում ու չի ճանաչում, դասընթացների խառնիճաղանջ առաջարկների մեջ էլ դժվար է տարանջատել որակյալը անորակից:
Գոհար Մամիկոնյան (ՀՀ ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ) - Ովքեր կուզենան այդ դասընթացներից հետո կամ ինքնուրույն ուսումնառության արդյունքում ձեռք բերված հմտությունները, կարողությունները ճանաչելի դարձնել, գնահատելի դարձնել, կկարողանան ահա այս մեխանիզմի միջոցով դա իրագործել:
Արդյունքում կշնորհվի միասնական փաստաթուղթ, որը կճանաչի թե՛ պետությունը, թե՛ գործատուն:
Ստեղծվելու է նաև կրթական ծրագրերի ռեեստր, որտեղ գրանցված կլինեն նախարարության երաշխավորած և հաստատած կարճաժամկետ ծրագրերը: Մեկ այլ ռեեստրում կգրանցվեն այն անձինք, որոնք այդ դասընթացների շնորհիվ ձեռք են բերել որևէ հմտություն, կարողություն: Ռեեստրները օգտակար կլինեն կրթական ծրագրերով հետաքրքրված անձանց ու գործատուների համար:
Միշա Թադևոսյան (Դի Վի Վի ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող) - 2020-21 թվականների ընթացքումՀայաստանում առաջին անգամ իրականացվել է մեծահասակների ուսումնառության և կրթության վերաբերյալ քանակական ուսումնասիրություն, անկախության տարիներից ի վեր սա առաջին ուսումնասիրությունն է այս բնագավառում, որը փորձում է վեր հանել Հայաստանում մեծահասակների մասնակցության ոլորտների, մասնակցության մակարդակի և բովանդակության, ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության բնագավառներում:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակչության 14 տոկոսն է ընդգրկված ոչ ֆորմալ կրթական ծրագրերում: Մարդիկ դրանց մասնակցում են հիմնականում իրենց աշխատանքն ավելի լավ կատարելու, կարիերայում առաջընթացի և նոր հմտություններ ձեռք բերելու համար: Իսկ չմասնակցելու պատճառներն են կրթության կամ դասընթացի անհհրաժեշտության բացակայությունը, ընտանեկան պարտականությունների պատճառով ժամանակ չունենալը, ինչպես նաև համոզմունքը, որ հասուն տարիքում ոչ ֆորմալ կրթություն ստանալը իմաստ չունի:
Միշա Թադևոսյան - ՀՀ-ում ոչ ֆորմալ կրթության բավականին շատ դերակատարներ կան, կրկին ուսումնասիրությունը ցույց է տվել՝ ոչ ֆորմալ կրթություն հիմնականում իրականացվում է առաջին հերթին պետության, օրինակ՝ քաղծառայողների վերապատրաստում, բուժաշխատողների վերապատրաստում և այլն, այնուհետև ՀԿ-ների կողմից, որոնք ամբողջ Հայաստանում են տարածված, բուհերի կողմից: Մի շարք բուհերում գործում են լրացուցիչ շարունակական կրթության բաժիններ, և մենք այսօր այստեղ ենք գտնվում Երևանի պետական համալսարանում:
Ոչ ֆորմալ կրթությունը խրախուսելու նպատակով տարվա ընթացքում նախատեսված են տարբեր միջոցառումներ:
Հեղինակ՝ Աննա Զախարյան